Արցախյան ազատամարտը Քաշաթաղին վերադարձրեց իր հայկական շունչը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Քաշաթաղի շրջանի Հակ համայնքում վերաօծվել է տեղի Սուրբ Մինաս եկեղեցին: Եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցել են նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից ժամանած հյուրեր: Սրբազան ծիսակարգը կատարեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հայկական դիմագիծը վերագտնող մեր հայրենիքի այս անկյունում եկեղեցու զանգերի ղողանջը լավագույն պատասխանն է Քաշաթաղի և մյուս տարածքների ապագայի շուրջ հյուսվող քաղաքական խարդանավանքներին :
Դեռ միջնադարում Հակը բարգավաճ ու խիտ բնակեցված գյուղ էր: Այդ մասին պատմիչ Ստեփանոս Օրբելյանն է վկայում: Սուրբ Մինաս եկեղեցին` համաձայն եկեղեցու արձանագրությունների, կառուցվել է Հակ գյուղի բնակչության կողմից 1675թ, սակայն հավանաբար այն ավելի հին կառույց է: Սեփանոս Օրբելյանի վկայությամբ, եկեղեցու բակի գերեզմանների արձանագրությունները վերաբերում են ավելի վաղ շրջանին` 13-րդ դարին:
Հակը բազմիցս թալանվել է քրդերի և թուրքերի կողմից: Սակայն ամեն արհավիրքից հետո հայերը վերակառուցում էին գյուղը, վերանորոգում Սուրբ Մինաս եկեղեցին:
1918թ. Օսմանյան Թուրքիայի կողմից Հակը վերջնականապես հայաթափվեց: Արցախյան ազատամարտը Քաշաթաղին վերադարձրեց իր հայկական շունչը: Հակում առաջին ընտանիքները բնակվեցին 1994 թվականից: Վերաբնակեցումը պետական քաղաքականություն է, որին զորավիգ են նաև բարեգործական հիմնադրամները: Թուֆենկյան հիմնադրամի շնորհիվ այսօր Հակում վերանորոգված եկեղեցի ունենք, որը նոր հույս ու հավատ է ներշնչում:
Հակի եկեղեցու վերանորոգումը աշխարհասփյուռ հայության համատեղ ջանքերի մարմնացումն է: Դա իրականացրեց Մեծ Եղեռնից մազապուրծ հայուհու թոռնուհին` Վիրջինյա Դեյվիսը:Նա հայկական ոգու վերածննդին նպաստելու ուխտ ունի իր նախնյաց առջև և այդ ուխտի իրագործման մի մասնիկն էլ Սուրբ Մինաս եկեղեցու վերաբացմանն աջակցելն էր: Միրիկի և Հռչանցի եկեղեցիների վերաբացումը սկսած գործի շարունակությունը կդառնան: Սակայն հողի շենացումն, առանց Հակում և վերակենդանացող մյուս տարածքներում հայերի բնակվելու, անհնար կլինի:
Հակում հավատում են, որ եկեղեցու վերանորոգումը գյուղի բազմաթիվ խնդիրների լուծման սկիզբ է դառնալու: Այդ խնդիրների, մտահոգությունների, ակնկալիքների և համատեղ իրագործելիք ծրագրերի մասին Հակի բնակիչները պատմեցին նախագահ Բակո Սահակյանին:
Խնդիրներից շատերն աստիճանաբար լուծվում են: Ճաանապարհները արդեն վերանորոգվել են, վերանորոգվել է գյուղի եկեղեցին, խմելու ջրի խնդիր այլևս չկա: Վերջին երկու ձեռնարկն իրականացրել է Թուֆենկյան հիմնադրամը:
Եվ դրանք վերջինը չեն լինի, առավել ևս, որ պետությունը, բարերարները և այս հողի վրա ապրողները միակամ են:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












