Էդուարդ Նալբանդյան. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների»
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը պատասխանելով Panorama.am-ի հարցին, ասել է. «Եթե Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, ապա առնվազը պարտավոր են հարգալից լինել Ցեղասպանություն վերապրածների ու նրանց ժառանգների հանդեպ: Թուրքական կողմը տեղեկացված է և, վստահ ենք` գիտակցում է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով:
Փորձելով կապել այդ երկու գործընթացները, կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսը:
Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների: Այս փոխըմբռնմամբ ենք մենք սկսել եւ վարել բանակցություններն ու եկել փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում: Եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի` կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին եւ նպատակներին հակառակ: Համաձայնեցված փաստաթղթերի ստորագրումը եւ նրանց իրագործումը բարդություններով լի գործընթաց է: Սակայն Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները` առաջ գնալու համար: Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան Կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց զավակների հանդեպ»:
Թեգեր` Էդուարդ Նալբանդյան, Թուրքիա












