Գլխավոր » Լրահոս

Այսօր Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության օրն է

Սեպտեմբեր 19, 2009թ. 12:40

MusalerԿիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա Լեռը, գտնվում է ներկայիս Թուրքիայի Հաթայ վիլայեթում` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում` Բիթիասում, Յողուն-Օլոքում, Հաջի-Հաբաբլիում, Խըդր-Բեկում, Վագըֆում և Քաբուսիեում բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:

Հայ և օտար պատմիչների վկայությամբ, դեռևս մ.թ.ա. 1-ին դարում Անտիոքում և նրա շրջակա գավառում բավական մեծ թվով հայեր են ապրել, իսկ 4-րդ դարի հռոմեացի մատենագիր Ամիանոս Մարկելլիանոսի վկայությամբ, Իսոսի` ներկայիս Իսկենդերուն ծոցը այդ ժամանակ արդեն կոչվում էր «Հայոց ծոց»:

1045թ. Բագրատունիների թագավորության անկումից և սելջուկ-թուրքերի կողմից Հայաստանի նվաճումից հետո ավելի է մեծանում հայերի զանգվածային արտագաղթը դեպի Առաջավոր Ասիայի տարբեր շրջաններ, այդ թվում` Լեռնային Կիլիկիա և Անտիոք: Տեղի հայ բնակչությունը 1080-1375թթ ավելի է ստվարանում հատկապես Կիլիկիայի հայկական թագավորության շրջաններում:

1516 թ. օսմանյան թուրքերի կողմից Սիրիան գրավելուց հետո Անտիոքը` Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուտք` Մուսա լեռան կողմերը:

Մուսա լեռան հայությունը 1895 և 1909թթ կարողացավ հետ մղել թուրքական կանոնավոր զորքերին և ավարի մոլուցքով տառապող բաշիբոզուկների ոհմակին, երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում:

Դրությունն ավելի սրվեց 1915 թ., երբ երիտթուրքերի պարագլուխները հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով փորձեցին հասնել իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը: 1915 թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:

Երիտթուրքերի կողմից կազմակերպված համատարած սպանդի պայմաններում հայերը այնուամենայնիվ երկրի մի շարք շրջաններում անհավասար կռիվ մղեցին թշնամու գերազանց ուժերի դեմ: Հերոսական պայքարի շնորհիվ Վանում, Շատախում, Մուշում, Մուսա լեռան վրա, Շապին Գարահիսարում, Ուրֆայում տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցին թուրքական յաթաղանից:

Հայ ժողովրդի հերսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:

Թուրքական կառավարության կողմից վաղօրոք մշակված աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915 թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսապի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար:

Թուրքական կանոնավոր զորքերը օգոոստոսի 7-ին, 10-ին և 19-ին տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան և ունենալով ավելի քան 1000 զոհ` խուճապահար նահանջեցին:

Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները:

Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումներից, որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին:

Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին` Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն:

Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին երկու «դրոշակ»: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:

Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների կողմից ծածանվող դրոշները, մոտեցավ և խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա և հեռանաով ` խոստացավ օգնել մուսալեռցիներին:

Անտիոքի ծովախորշում ֆրանսիական հածանավի հայտնվելը, և թուրքական զորանոցների ու դիրքերի գնդակոծումը չէր կարող տագնապի չմատնել թուրք հրամանատարությանը: Ինչի հետևանքով էլ սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են առավել կատաղի` թվով չորրորդ հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան հետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնել հակահարձակման և հալածել խուճապահար նահանջող թշնամուն:

Վերջապես, սեպտեմբերի 13-15-ին ֆրանսիական հինգ ռազմանավեր 4058 հերոս մուսալեռցիների փոխադրում են Եգիպտոս` Պորտ-Սաիդ:

Մուսալեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլազյանը, Պետրոս Թութագլյանը, Ճարպա Խայոյանը, Պետրոս Գալստյանը:

Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոս կանաց, որոնց թվում են` Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Սիմա Ղարիբյանը, Մանուշակ Մանուկյանը:

Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո 1919թ. մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը:

Մուսալեռցիների հաղթանակը հայրենասիրության, սխրանքի, անձնազոհության ու ժողովրդի միասնության ցայտուն դրսևորում էր:

Սխրանքին գեղարվեստական մեկնաբանությունը կարելի է կարդալ ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում:

1939 թ. Ալեքսանդրապոլի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները, խուսափելով թուրքերի հալածանքներից, գաղթեցին Լիբանան: Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղերի անուններ կրող վեց թաղամասեր:

1946-1947 թթ. 5000 մուսալեռցի տեղափոխվում է Սովետական Հայաստան:

1972թ. Էջմիածնի շրջանի «Գինեվետ» ավանը վերանվանվեց «Մուսալեռ», իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ:

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի և ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյանի ստեղծած անառիկ ամրոց հիշեցնող այս կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը:

Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆԸ


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`