Թերթեր հայոց նորագույն պատմության քաղաքական օրացույցից
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ
Սեպտեմբերի 21: Հայոց նորագույն պատմության ամենափառահեղ էջերից մեկն է սա: Մերօրյա հայաստանյան քաղաքական դաշտում չկա մեկը, ով կասկածի 1991 թ. սեպտեմբերի 21-ի իրադարձության պատմական նշանակությանը: Սարդարապատի հերոսամարտով սկսված և այնուհետև մի քանին սերունդների տասնամյակներ տևած մաքառումների երախայրիքն է նորանկախ Հայաստանի Հանրապետությունը`որպես քսաներորդ դարի միջպետական հարաբերությունների բնույթին ու մակարդակին համապատասխանող, արդի միջազգային իրավունքի պահանջներին բավարարող անկախ, ինիքնիշխան պետականություն:
Քսաներորդ դարը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական, ամենածանր, անդառնալի կորուստների, բայց և միաժամանակ անանց հաղթանակների դար էր: Ցեղասպանություն ապրած ժողովուրդը իր մեջ ուժ ու կորով գտավ` դիմագրավելու անկախ պետականության հռչակման հենց առաջին օրը գազանացած թուրքի ձեռնարկած գրոհին: Նորօրյա Ավարայր էր Սարդարապատը, ճակատամարտ, որտեղ որոշվում էր մեր լինել-չլինելու հարցը: Թուրքը չկարողացավ լուծել մեզ վերջնականապես կոտրելու, տարածաշրջանի քաղաքական դաշտից մեզ դուրս մղելու իր հետամտած խնդիրը: Մենք մնացինք և մնացինք արդեն որպես պետականակիր ազգ, որպես պետություն ունեցող ժողովուրդ:
Ծանր էին դրանից հետո մեզ բաժին հասած դժվարությունները. Անդրկովկասի խորհրդայնացում, մեզ պարտադրված Կարսի պայմանագիր, Կովբյուրոյի որոշում: Մեր փրկած փոքրիկ հանրապետության հողերը` Նախիջևանը և Արցախ-Ղարաբաղը օտարում էին մեզանից: Եկեղեցիներով, ազգային հուշարձաններով մեր մշակույթի կնիքն իր վրա կրող մեր Նախիջևանը 1921 թվին տրվեց Խորհրդային Ադրբեջանի հովանավորությանը, իսկ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով հայտնվեց նույն այդ Խորհրդային Ադրբեջանի կազմում: Թուրքն ու բոլշևիկ ռուսը բզկտում էին մեր երկիրը:
Եվ այդքանով հանդերձ` 1918-ին ձեռք բերած մեր հաղթանակի նշանակությունը չի նսեմանում: Պատմական Հայաստանի հյուսիս-արևելքում հիմնված փոքրիկ պետականությունը շարունակում էր գոյատևել որպես խորհրդային կասրության կազմի մեջ մտնող մի հանրապետություն: Հակասական են խորհրդային տասնամյակների հայոց պատմության, ՀԽՍՀ-ի` որպես հակական պետականության մասին գնահատականները: Ոմանք ուղղակի պնդում են, որ Խորհրդային Հայաստանը ամբողջատիրական ԽՍՀՄ-ի կազմում չէր կարող լինել պետականության հատկանիշներ ունեցող ազգային քաղաքական միավոր: Պնդում են, թե խորհրդային մյուս հանրապետությունների նման Խորհրդային Հայաստանը ընդամենը ձևական պետական կազմավորում էր: Սակայն քաղաքական անկախության հասկացությունը մեր օրերում էլ չի ենթադրում այն բացարձակությունն ու ինքնաբավությունը, որ ոմանք ներկայացնում են Խորհրդային Հայաստանին` մերժելու համար նրա ազգային պետություն լինելու իրողությունը: Արդի փոխկապակցված աշխարհում երևի թե շատ ու շատ պետություններ այդ իմաստով /կամ` նման պահանջներ ներկայացնելու դեպքում/ չեն կարող դիտվել որպես ինքնիշխան պետություններ: Բացի այդ, ԽՍՀՄ-ի ամբողջատիրական կայսրություն լինելու անվիճարկելի հանգամանքը բնավ էլ բավարար փաստարկ չէ նման եզրակացության համար: Ի վերջո, քաղաքական ինքնիշխանության արդյունքները առարկայանում են տնտեսական ու մշակութային ձեռքբերումների տեսքով: Եվ եթե այդ տեսակետից գնահատելու լինենք Խորհրդային Հայաստանի ձեռքբերումները, ապա պիտի խոստովանենք, որ դրանք տպավորիչ են եղել: Բավական է ասել, որ այդ տասնամյակների ընթացքում հանրապետության բմակչությունը քառապատկվել է, իսկ փոքրիկ Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենազարգացած երկիրը տնտեսության ամենաառաջատար ճյուղերում` էլեկտրոնիկայի, քիմիայի, ճշտգրիտ մեքենաշինության և այլ բնագավառներում: Մենք աննախադեպ վերելք արձանագրեցինք գիտության ու արվեստի ոլորտներում:
Իհարկե, խորհրդային տիպի սոցիալիզմը իրականում սոցիալիզմ չէր: Իհարկե, ազգային անարդարության ու անհավասարության ստվերը միշտ երևացել է մեր ճանապարհին: Եվ սակայն արժանին պետք է մատուցել մեր երկրորդ հանրապետության քաղաքական այն ղեկավարներին, որոնք կարողացան ոչ հեշտ պայմաններում հանրապետությունը դուրս բերել տնտեսական ու մշակութային առաջադիմության այն բնագծերը, որոնք կարող են վճռական փաստարկներ լինել այն պարզ մտքի հիմնավորման համար, որ Խորհրդային Հայաստանը իրավամբ մարմնավորել է հայ պետականության գաղափարը, եղել է մեր երկրորդ հանրապետությունը: Մենք հատուկ ենք ընդգծում այդ հանգամանքը, որովհետև 1991-ի սեպտեմբերի 21-ը հազիվ թե կայանար, եթե մենք չունենայինք Խորհրդային Հայաստանի պետականությունը: Դարավերջը մեզ համար նպաստավոր մի հանգրվանի հասցրեց 1918-ին Սարդարապատով սկսված հայկական պետականության վերականգման քաղաքական գործընթացները: Մենք ի վերջո ունեցանք իրավաբանորեն լիիրավ ինքնիշխան, միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող, միջազգայնորեն ճանաչված, ՄԱԿ-ի անդամ պետականություն:
Սակայն սեպտեմբերի 21-ի խորհուրդը նշվածով չի ամփոփվում: Քաղաքական դիտակետից ոչ պակաս նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ ինքնիշխան Հայաստանը պաշտպան կանգնեց իր անկախությունը հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Դարասկզբին ցեղասպանություն ապրած ժողովուդը դարավերջին ձեռք բերեց երկու ինքնիշխան պետականություն` Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Բոլշևիկյան ու թուրքական քաղաքական մամլիչի տակ հայտնված Կարսի պայմանգիրը ստորագրող Մռավյանը կմտածե՞ր արդյոք, որ յոթ տասնամյակ հետո մեկ պետականության փոխարեն մենք ազգովին տեր կկանգնեք երկու հայկական պետականության: Հոռետեսները սովոր են մեր զարգացման, մեր ընթացքի մութ կողմերը տեսնել միայն: Սակայն անհնար է չընդունել երրորդ հազարամյակի նախօրեին հայկական երկու պետությունների գոյության փաստը: Մեծագույն ձեռքբերում է դա, և պետք է ամենօրյա անձնվեր աշխատանք մեր որդիների արյամբ ձեռք բերված այդ պետականությունները ամրապնդելու, հզորացնելու հանար: Փույթ չէ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ: Դա ժամանակի հարց է: Եվ որքան տնտեսապես հզոր և քաղաքականապես կայուն լինեն նորանկախ մեր պետականությունները, այնքան մոտ կլինի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման օրը:
Սեպտեմբերի 21-ի մեծագույն խորհուրդը հենց դա է:












