Թուրքիան ամեն ինչ անում է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասնակից դառնալու համար
Թուրքական «Հուրրիյեթը» տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքների շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հիմնականում անդրադառնալու են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին: Ըստ թերթի, այդ մասին տեղեկացրել են արտգործնախարարության աղբյուրները: Բացի այդ, պարբերականը ենթադրել է, որ հարաբերությունների կարգավորման համար կարևոր դեր կկատարեն մի շարք գործոններ: Նախ, թուրք վերլուծաբանների կանխատեսմամբ` չնայած ներկայում Անկարայի օրակարգում չկա Հայաստան–Թուրքիա–Ադրբեջան եռակողմ հանդիպում կազմակերպելու ծրագիր, սակայն Նյու–Յորքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն դրա կազմակերպման համար: Այլ կերպ ասած` Թուրքիան ցանկություն է հայտնում մասնակից դառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: Մյուս կողմից, թուրքերը կարևորում են հոկտեմբերի 12-ին Շվեյցարիայի մայրաքաղաքում երկու երկրների արտգործնախարարների կողմից փաստաթղթի ստորագրման փաստը, ինչով կարելի է ավարտված համարել բանակցությունների առաջին փուլը: Ստորագրումից հետո Անկարան ծրագրել է վերացնել հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահի այցի հետ կապված խոչընդոտները. սպասվում է, որ Սերժ Սարգսյանը Բուրսա կմեկնի ինքնաթիռով: Թուրքերին հուզող մյուս գործոնը պատմական համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցն է: Ըստ փաստաթղթի, այն կազմված չի լինելու միայն հայ և թուրք մասնագետներից: Դրանում ներառվելու են ամերիկացի, ֆրանսիացի, անգլիացի, շվեյցարացի մասնագետներ և այլն: Փաստորեն, սա թուրք պատմաբանների համար կընձեռի հիանալի հնարավորություն` հերքել հայկական պնդումները:












