Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Պատերազմին պատրաստվելու անհրաժեշտության մասին

Սեպտեմբեր 21, 2009թ. 16:48

zinug-150x1501981թ.  հայտնի միջազգային հարաբերությունների մասնագետ ամերիկացի Ռիչարդ Լեբոուն հրատարակեց մի աշխատություն (Richard Ned Lebow. “Between Peace and War: The nature of international Crisis”, 1981), որը նրան մեծ ճանաչում բերեց: Այստեղ հեղինակը առաջարկում էր ճգնաժամային իրավիճակում պետության քաղաքականության մի քանի տեսություն, որոնցից մեկի համաձայն, պետությունը պատերազմի մասին որոշում է ընդունում ոչ թե ճգնաժամի հետևանքով, այլ դրանից շատ առաջ: Ըստ այդ տեսության, պետությունը «պատճառների ստեղծումով» զարգացնում է սեփական շահերին անհրաժեշտ պատերազմը:

Պետության նման քաղաքականությունը Լեբոուն անվանում է «արդարացված թշնամություն»: Ըստ նրա, որևէ պետության կողմից ուժի կիրառման արդարացումը այլ պետությունների (պետության) հետ հարաբերություններում` ճգնաժամային իրավիճակում հանգեցնում է պատերազմի, քանի որ դա է նախաձեռնող կողմի գլխավոր նպատակը: Այս մոդելը առավել կիրառելի է այժմ` մեդիայի դարաշրջանում, երբ ցանկացած պետություն պատերազմ սկսելուց առաջ  «ստիպված» է իր և աշխարհի հանրությանը ապացուցել պատերազմի անհրաժեշտությունը: Այս տեխնոլոգիայով ԱՄՆ-ը պայքարում էր «չարի առանցք» ԽՍՀՄ-ի դեմ, այս սկզբունքով ԱՄՆ-ը մտավ Աֆղանստան և Իրաք (ահաբեկչության դեմ պայքար):

Իսկ նախապատրաստվող պատերազմի համար համապատասխան տեղեկատվական հիմք ստեղծելու համար հակառակորդ պետությանը ներկայացվում են այնպիսի պահանջներ, որոնք տվյալ պետությունը ի վիճակի չէ իրագործել: Օրինակ` Սադամ Հուսեյնից պահանջվում է հանձնել ատոմային զենքը, որը նա չունի:

Ստորև կփորձենք պարզել` ինչքանո՞վ է Լիբոունի տեսությանը համապատասխանում Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքականությունը:

Անմիջապես պատերազմից հետո Ադրբեջանը սկսեց Հայաստանին իր տարածքները «բռնազավթելու» մեջ մեղադրել, և դա արվում էր բոլոր հնարավոր ձևերով և բոլոր հնարավոր ամբիոններից: Բանը հասավ նրան, որ ՄԱԿ-ում ընդունվեցին Ադրբեջանի «բռնազավթած» տարածքների մասին բանաձևեր, որոնք ավելի ամրացրեցին Ադրբեջանի հակահայկական քարոզչության հիմքերը: Ադրբեջանի քարոզչական քաղաքականության հաղթարշավին նպաստում էր նաև անկախ Հայաստանի (անկախ Հայաստան ասելով մենք նկատի ունենք ՀՀ-ը և ԼՂՀ-ը) անգործությունը:

Եթե Ադրբեջանի քարոզչական հաջողությունը դիտենք Լիբոունի «պատճառների ստեղծման» տեսության ֆոնի ներքո (որի ճշմարտացիությունը բազմիցս ապացուցվել է պատմության ընթացքում),  Ադրբեջանը անցած 15 տարիների ընթացքում «արդարացնում» էր Հայաստանի դեմ սպասվելիք պատերազմը, որն իրեն չի սպասեցնի մոտակա ճգնաժամի պահին:

Պատերազմի անխուսափելիությունն է ապացուցում նաև Ադրբեջանի` մինչև ատամները զինվելը:

Ադրբեջանական բանակը կազմված է 5 բանակային ստորաբաժանումներից: Առաջին, երկրորդ և երրորդ բանակային զորամիավորումները կենտրոնացած են Արցախի ուղղությամբ, չորրորդը տեղակայված է մայրաքաղաքում և ծովափնյա շրջանում, իսկ հինգերորդը` Նախիջևանում: Այսինքն, բանակի մոտ 80 տոկոսը կենտրոնացված է Հայաստանի դեմ: Ադրբեջանի ռազմական հզորությունը վերջին տարիներին ավելացել է «Սմերչ» 9A52 տիպի բազմակի հրթիռային համակարգի և գերճշգրիտ «Տոչկա»-У հրթիռային համակարգի ձեռք բերումով, ինչն էականորեն խախտում է տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը: Ադրբեջանում նույնիսկ կա Պաշտպանական արդյունաբերության նախարարություն, որը ռազմական արդյունաբերության ոլորտում ունի բավականին հավակնոտ ծրագրեր, որոնք, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքվին հնարավորություն կտան ոչ միայն բավարարելու սեփական բանակի պահանջները, այլև դուրս գալու զենքի միջազգային շուկա:

Մասնավորապես, «Նեզավիսիմայա գազետա» թերթի տվյալներով, այս տարի նախատեսվում է թողարկել 435 անուն պաշտպանական արտադրանք և դրանց պահեստամասեր` ժամանակակից զրահամեքենաներ, տարբեր տեսակների հակատանկային ականներ, օպտիկական նշանոցներ, ավիառումբեր և այլն: Գերմանիայից, ԱՄՆից, Շվեյցարիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Կորեայի Հանրապետությունից և այլ երկրներից ներմուծվել են 163 հաստոց և տեխնոլոգիական սարքավորումներ: Ադրբեջանցիները արդեն արտադրում են 14 տեղանոց «Մատադոր» զրահամեքենան, որը նրանք հավաքում են Հարավ-Աֆրիկյան Հանրապետության «Պարամաունթ գրուպ» ընկերության արտոնագրով:

Ադրբեջանը մտադիր է նաև ավիառումբեր արտադրել պակիստանյան տեխնոլոգիայով: Ծրագրվում է նաև սկսել տանկերի և հրետանու ռազմամթերքների, անօդաչու թռչող ապարատների արտադրությունը: Իսկ մինչև 2016 թվականը Բաքուն պատրաստվում է արտադրել իր սեփական ռազմական ուղղաթիռները:

Ում՞ դեմ պատերազմելու համար է զինվում Ադրբեջանը` Ռուսաստանի՞, Թուրքիայի,՞ թե՞ Վրաստանի…Եթե նույնիսկ ընդունենք, թե Ադրբեջանի զենքը նախատեսված է Վրաստանը զավթելու համար, քարոզչության օրենքները հակառակն են ապացուցում: Եթե տարիների ընթացքում Ադրբեջանը սեփական բնակչության շրջանում իրականացնում է քարոզչություն, թե Արցախն ու ՀՀ որոշ շրջաններ պատկանում են Ադրբեջանին, եթե տարիների ընթացքում հակահայկականությունը Ադրբեջանում դառնում է պետության միավորման գլխավոր հիմքը (նման եզրակացության կարելի է գալ` հետևելով ադրբեջանական ԶԼՄ-ին), ապա եթե մոտակա հարմար պահին Ադրբեջանի ղեկավարությունը չսկսի «ազատագրել հայրենիքը»,  իշխանությունը կկորցնի ժողովրդի վստահությունը, երկրի ներքին քաղաքական դաշտում կստեղծվի լարվածություն և  հնարավոր է նույնիսկ իշխանափոխություն:

Նման քաղաքականություն վարող պետությունը կարո՞ղ է բավարարվել ԼՂՀ մի քանի շրջանների «փոխզիջումով»: Եթե այո, ապա միայն ժամանակավորապես` ռազմավարական նոր առավելություններ ձեռք բերելու և ավելի մեծ ուժով գրոհելու համար:

Գարեգին Նժդեհն ասում էր. «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին», և փրկության այլ տարբերակ չկա` բարոյապես և տեխնիկապես պատերազմին պատրաստվելուց բացի:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ


Թեգեր` , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`