Սերժ Սարգսյանը «Московский Комсомолец» օրաթերթին հարցազրույց չի տվել
Այն «լրագրող» Եկատերինա Սաժնևայի հիվանդ երևակայության արդյունքն է
«Այդ «լրագրողին» և, ընդհանրապես, «Московский Комсомолец» օրաթերթին Հայաստանի Հանրապետության նախագահը որևէ հարցազրույց չի տվել», ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը` նշելով, որ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ թերթի լրագրող Եկատերինա Սաժնևայի հիվանդ երևակայության արդյունքը:
Նյութի հեղինակը «Հայաստանում ռուսական խոսքի օրեր» միջոցառման շրջանակում, ի թիվս տասնյակ այլ ներկայացուցիչների, մասնակցել է ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված հանդիպմանը: «Հարցազրույցում» նշված հարցերը հանդիպման ընթացքում ընդհանրապես չեն հնչեցվել, իսկ նախագահ Սարգսյանի խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրված են և մեջբերված լրագրողական էթիկայի ամենատարրական կանոններին չհամապատասխանող կոպիտ շեղումներով: Երևի «լրագրողն» ապավինել է իր ակնհայտորեն կաղող «հիշողությանը»: Տեղի չունեցած «հարցազրույցում» նախագահ Սարգսյանին վերագրվող որոշ մտքեր էլ պոկված են համատեքստից և չեն արտացոլում նախագահի կողմից ասվածի բուն իմաստն ու շեշտադրումները:
Հավելեմ նաև, որ «լրագրողը» նյութի հրապարակման մտադրության մասին տեղյակ չի պահել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայությանը, ինչով և խախտել է լրագրողի մասնագիտական էթիկայի տարրական կանոնները: Նման կեղծ «հարցազրույցի» հրապարակումը այդքան հեղինակավոր թերթում միայն զայրույթ և ափսոսանք է առաջացնում», – ասել է Սամվել Ֆարմանյանը:
ՀՀ նախագահի մամուլի ծառայություն












