Ռուսական գործոնը հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլում
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն այս օրերին դարձել է համաշխարհային քաղաքականության կարևորագույն իրադարձություններից մեկը: Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում այս հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշումն են արտահայտել քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող գրեթե բոլոր պետությունների ղեկավարները: Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների աշխատասեղանները պարզապես հեղեղվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոգևորող նամակներով, որոնք հեղինակել են հիմնականում արևմտյան երկրների ղեկավարները: Սակայն վերջին շրջանի լրահոսին ուշադիր հետևողը կարող է նկատել, որ հայերին ու թուրքերին ոգևորողների ցուցակը կրճատվել է մեկ կարևոր պետությամբ` Ռուսաստանով:
Երբ 2008թ. Ռուսաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը հասավ իր գագաթնակետին, մեր տարածաշրջանում քաղաքական լուրջ վերափոխումներ սկսվեցին: Հարավային Կովկասում, ուր դարեր շարունակ գերիշխում էր ռուսական քաղաքական միտքը, մինչ օգոստոսյան պատերազմն արդեն հայտնվել էր Արևմուտքի բավական զգալի ազդեցության ներքո: Վրաստանի` Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու քաղաքականությունը բավական լուրջ խնդիրներ էր ստեղծել Ռուսաստանի համար: Վերջինիս համար անբարենպաստ իրավիճակ էր ստեղծվում նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում, քանի որ Արևմուտքի հանդեպ չեզոք Ադրբեջանն իր հերթին ցանկանում էր դառնալ Արևելք-Արևմուտք ուղղությամբ նավթագազային պաշարների տեղափոխման տրանզիտային երկիր: Գնահատելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը` պաշտոնական Մոսկվան գիտակցում էր, որ այս տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը հիմնականում պայմանավորված էր Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաներով: Սակայն դա բավական անկայուն ներկայություն էր, քանի որ չկա այդ բազաներն անհրաժեշտ սպառազինությամբ ապահովելու հնարավորություն, իսկ տարածաշրջանային գործընթացներից մեկուսացած Հայաստանն ի վիճակի չէ ազդել տարածաշրջանային քաղաքական գործընթացների վրա:
2008թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո իրավիճակը Ռուսաստանի համար ավելի բարդացավ: Ճիշտ է, նրանք կարողացան ամրապնդել իրենց դիրքերը նաև Հարավային Օսիայում և Աբխազիայում, սակայն փոխարենը զրկվեցին Վրաստանի վրա ազդելու բոլոր լծակներից: Այդ առումով 2008 թ. ռուս-վրացական պատերազմը կարծես թե Վրաստանը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև բաժանելու միջոց դարձավ: Փաստորեն, պատերազմից հետո Արևմուտքին բաժին ընկավ Վրաստանը, իսկ Ռուսաստանին` Աբխազիան ու Հարավային Օսիան, որոնք դարձան Ռուսաստանի յուրահատուկ դարպասը Հարավային Կովկասում` այստեղ Ռուսաստանի դիրքերն ամրապնդելու ճանապարհին:
Պետք է նշել, որ աշխարհաքաղաքական իմաստով այս փաստը Ռուսաստանի համար բավական տհաճ կացություն ստեղծեց: Վրաստանը մեր տարածաշրջանի կարևորագույն երկրներից մեկն է: Այն արտաքին աշխարհի հետ կապող օղակ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Բացի այդ, Վրաստանը Հարավային Կովկասի այն երկիրն է, որը լուրջ խնդիրներ չունի հարևանների հետ (բացի Ռուսաստանից, իհարկե) և կարող է տարածաշրջանը միավորողի դեր կատարել: Վերոնշյալ հանգամանքները Վրաստանի նշանակությունը մեծացրել են նաև ոչ տարածաշրջանային երկրների համար, որոնք փորձում են Վրաստանի միջոցով մուտք գործել նաև Հայաստան և Ադրբեջան:
Կորցնելով Հարավային Կովկասի կարևորագույն երկրի` Վրաստանի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը, Ռուսաստանը գործունեության լայն ասպարեզ է բացել արտաքին ուժերի` մանավանդ ԱՄՆ-ի համար: Անմիջապես հետպատերազմյան շրջանում Ռուսաստանի քաղաքագիտական շրջաններում որոշակի խուճապ էր առաջացրել ստեղծված իրավիճակը, քանի որ հստակ գիտակցում էին, որ Հարավային Կովկասի կորուստը կհանգեցնի նաև Հյուսիսային Կովկասի կորստի, որից հետո Ռուսաստանի սահմանը լավագույն դեպքում կլիներ Ռոստովի շրջակայքում: Այդ օրերին Ռուսաստանում գրեթե բոլորը վստահ էին, որ հաղթելով ճակատամարտը` ռուսներն, այնուամենայնիվ, պարտվել են պատերազմում:
Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի համար օրհասական խնդիր դարձավ Հարավային Կովկասի քաղաքական զարգացումները վերահսկող նոր մեխանիզմի մշակումը: Անհրաժեշտ էր գտնել մի պետություն, որը կարող էր օժանդակել Ռուսաստանին այդ հարցում: Այդ առումով պաշտոնական Մոսկվան ընտրեց Թուրքիային: Վերջինս էլ, օգտվելով Կովկասում ստեղծված ծանր իրավիճակից, սկսեց ակտիվություն ցուցաբերել տարածաշրջանում: Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ կայսրության գոյատևման ընթացքում Թուրքիան կորցրել էր Հարավային Կովկասում ցանկացած ազդեցություն ունենալու հնարավորություն: 1991 թվականին, երբ աշխարհը դարձավ ԽՍՀՄ կայսրության փլուզման ականատեսը, պաշտոնական Անկարան փորձեց իր ազդեցության գոտում ներառել Հարավային Կովկասի նորանկախ պետությունները: Այդ նպատակին հասնելու համար Թուրքիան հարաբերություններ հաստատեց նույնիսկ Հայաստանի իշխանությունների հետ: Սակայն շատ շուտով պարզ դարձավ, որ Հարավային Կովկասում Թուրքիայի դերի մեծացումը չի բխում Արևմուտքի քաղաքական շահերից: ԽՍՀՄ կայսրության փլուզումից առ այսօր ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ամեն ինչ անում են, որպեսզի Թուրքիան շարունակի մնալ իրենց ազդեցության ոլորտում: Իսկ Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարության մեծացումը, բնականաբար, նպաստելու է վերջինիս ինքնուրույնության մեծացմանը: Իսկ այդ տարբերակը միանգամայն անընդունելի է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Չինաստանի համար:
Գնահատելով 2008թ. օգոստոսյան պատերազմի արդյունքները` Թուրքիայում հանգեցին այն եզրակացության, որ ներկայում Հարավային Կովկասում ակտիվանալու լուրջ հնարավորություն կա: Եվ որպեսզի այդ հնարավորությունն էլ ավելի իրական լինի, Անկարայում որոշել էին այդ հարցում դաշնակցել Ռուսաստանի հետ, որն, ինչպես արդեն նշվեց, գտնվում էր բավական բարդ իրավիճակում: Ահա թե ինչու, պատերազմական գործողություններից անմիջապես հետո Թուրքիան հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով, որոնք այս կամ այն կերպ ուղղված էին Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի պաշտպանությանը:
Ռուսաստանում բավական ճիշտ ըմբռնեցին թուրքական կողմի այդ ռեվերանսների իմաստը: Ավելին, Հարավային Կովկասում իր դերի բարձրացմանը ձգտող Անկարայի գործողությունները Կրեմլում դիտարկվեցին որպես Կովկասում Ռուսաստանի վերահաստատմանը նպաստող հնարավոր մեխանիզմ: Իհարկե, Մոսկվայում որոշակի անվստահություն կար Թուրքիայի գործողությունների հանդեպ: Սակայն այն ժամանակ ռուսները թուրքական «առաջարկին» երկընտրանք չէին տեսնում:
Օգոստոսյան պատերազմից հետո շփումները Ռուսաստանի և Թուրքիայի բարձրագույն ղեկավարների միջև բավականին ակտիվացան: Կարճ ժամանակահատվածում երկու երկրների առաջնորդները փոխադարձ այցեր կատարեցին Թուրքիա և Ռուսաստան: Արդյունքում մշակվեց Հարավային Կովկասում երկու երկրների համագործակցության ծրագիրը, որն ենթադրում էր նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում և սահմանի բացում: Ռուսաստանի իշխանություններն այնքան էին վստահ այս ծրագրի իրականացման գործում, որ արդեն 2008թ. օգոստոսի 26-ին ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ն սկսում է Կարս-Գյումրի երկաթգծի «Ախուրյան 2» կայարանի վերանորոգման աշխատանքները:
Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը լուրջ անհանգստություններ առաջացրեց Արևմուտքում: ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, լինելով Հարավային Կովկասի քաղաքական զարգացումների գլխավոր դիրիժորը, չէին կարող անտարբերությամբ նայել Անկարայի և Թուրքիայի միջև տարածաշրջանի բաժանմանը: Իհարկե, Արևմուտքում հրաշալի գիտակցում էին, որ ռուս-թուրքական բարեկամությունը չի կարող երկար կյանք ունենալ, սակայն նրանք հասկանում էին նաև, որ այդ երկու պետությունների նույնիսկ կարճատև համագործակցությունը կարող է Հարավային Կովկասը դուրս բերել Արևմուտքի ազդեցության գոտուց: ԱՄՆ-ում խնդիր առաջացավ բավական կարճ ժամանակում մեխանիզմ մշակել` Թուրքիային Ռուսաստանի հետ մերձենալու ծրագրից ետ պահելու համար: Գործի դրվեցին Թուրքիայի վրա ազդելու բոլոր գործիքները, այդ թվում նաև Հայոց Ցեղասպանության հարցն ու քրդական խնդիրը: 2008 թվականի աշունն ու հաջորդ տարվա գարունը նշանավորվեցին քրդական շարժման ակտիվացմամբ, ինչը Թուրքիայի համար առաջին լուրջ ահազանգը դարձավ: Դրան զուգահեռ` ծայրահեղ անկայունացավ ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում: Կրքերն այնքան էին թեժացել, որ քիչ էր մնում իշխող կուսակցությունը գահընկեց արվեր:
Շուտով Անկարայում նկատեցին, որ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը սկսել է ակտիվ բանակցություններ վարել հարևան երկրների ղեկավարների հետ: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի անգամ այցելեցին տարածաշրջան` ուշադրության կենտրոնից դուրս թողնելով թուրքական գործոնը: Բանը հասավ նրան, որ ամերիկյան դիվանագիտությունը սկսեց հաշտեցման եզրեր որոնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչից Անկարան հասկացավ, որ օղակն օրեցօր սեղմվում է:
Սակայն Արևմուտքը չբավարարվեց միայն Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելով: Արևմտյան քաղաքական նախագծողները շուտով դիմեցին հաջորդ հանճարեղ քայլին` Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցմանը: Օբաման և Մեդվեդևը սեղմեցին երկկողմյա հարաբերությունների վերաբեռնավորման կոճակը, ինչը Թուրքիայում հերթական անհանգստությունների պատճառ դարձավ: Այսուհետ Անկարան հասկացավ, որ ի վիճակի չէ դիմադրել Արևմուտքի ճնշումներին, ինչի արդյունքում ռուս-թուրքական հարաբերությունների մտերմացումը զգալիորեն դանդաղեց և նույնիսկ կանգ առավ:
Բայց Արևմուտքի քաղաքական միտքը շարունակեց հաջող գործողությունների շարքը: Չբավարարվելով ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման կասեցումով` Արևմուտքը սկսեց հօգուտ իր շահերի օգտագործել Ռուսաստանի հետ Թուրքիայի ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնցից Արևմուտքի համար ամենաշահեկանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է: Այդ ճանապարհով Արևմուտքը պարզապես փորձում է մուտք գործել նաև Հայաստան, որտեղ գտնվում են Հարավային Կովկասում Ռուսաստանի վերջին ռազմաբազաները: ԱՄՆ-ում և Բրիտանիայում վստահություն կա, որ թուրքական վտանգի չեզոքացման դեպքում Հայաստանը կփոխի արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Արևմուտք` դուրս մղելով Ռուսաստանին այս տարածաշրջանից: Այդ իսկ պատճառով, արևմտյան երկրների ղեկավարներն ամեն կերպ աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` փորձելով սիրաշահել հայկական կողմին` ակնարկելով Հայաստանի մասնակցությանը, օրինակ, «Nabucco» ծրագրին:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա հերթական անգամ հայտնվեց պարտվողի դերում: Հիմա Մոսկվայում արդեն ճանապարհներ են որոնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց իսկ նախաձեռնությունը ձախողելու համար: Եվ ամենևին էլ չի բացառվում, որ այդ նպատակին հասնելու համար ռուսական կողմը որոշակի կոշտ քայլեր կատարի Հայաստանի նկատմամբ: Սակայն հնարավոր է նաև այն տարբերակը, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացի կասեցման դիմաց Ռուսաստանը մեր երկրին որոշակի օժանդակություն ցուցաբերի ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման գործում: Ինչևէ, փաստն այն է, որ այսօր Հայաստանին սեփական խնդիրները լուծելու հիանալի առիթ է ընձեռված: Եվ անհրաժեշտ է, որ մեր ղեկավարությունը ճիշտ կողմնորոշվի ստեղծված իրավիճակում` գիտակցելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության հայամետ լուծման կողմնակից է թե’ Ռուսաստանը, թե’ Արևմուտքը:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ












