Գլխավոր » Լրահոս

Հարկավոր է պաշտպանել հայրենական արտադրողներին

Սեպտեմբեր 22, 2009թ. 15:30

«Եթե մենք դիտարկենք անցյալ տարվա առևտրատնտեսական հարաբերություններում արտահանված և ներմուծված ապրանքների համամասնությունները, ապա թուրքական ծագում ունեցող ապրանքներ Հայաստան են ներկրվել 269 մլն դոլարի չափ, իսկ մեր երկրից արտահանվել են  1,8 մլն դոլարի չափ»: Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` նկատելով, որ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգում է հայրենական ապրանք արտադրողներին:

Եթե երկու երկրների միջև առևտրական կապեր են  հաստատվում, ապա ձեռք է բերվում որոշակի պայմանավորվածություն, այսինքն` որքան ապրանք է ներկրվում,   նույնքան էլ ապրանք պետք է  արտահանել:  Բանն այն է, որ թուրքական իշխանությունները լայն հնարավորություններ են տալիս իրենց արտադրողներին, հետևապես, նրանց արտադրանքը կլինի դեմպինգային, ինչը  հատկապես մեր արտադրանքի հետ մրցակցության պայմաններում կհայտնվի շահեկան վիճակում, քանի որ մեր շուկայում այն կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:

Դա հայրենական արտադրողների հիմնական մտահոգություններից մեկն  է: Վազգեն Սաֆարյանի համոզմամբ,  մեր արտարդանքներից  թուրքական շուկայում հատկապես կարող է մրցունակ լինել   հրուշակեղենը:

Նրա խոսքերով`  մեր երկրից Թուրքիա է արտահանվում հիմնականում մշակված և չմշակված մորթի, սև մետաղներ՝ ջարդոնի ձևով և ալյումինե արտադրանք՝ փայլաթիթեղ, իսկ Թուրքիայից մենք հիմնականում ներկրում ենք բետոնային արտադրանք, հանքային վառելանյութ, տրիկոտաժ։

Վազգեն  Սաֆարյանը տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են կառավարությանը ներկայացնել իրենց տեսակետները.«Տեղական շուկան պետք է հնարավորինս պաշտպանել` մեր արտադրողի ապրանքն իրացնելու համար. մեր տեղական շուկան անցյալ տարի կարողացել է 7,5-8 մլրդ դոլարի ապրանք իրացնել: Հարկավոր է խթանել տեղական արտադրանքը, դարձնել այն ավելի մրցունակ: Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը ազդակ կլինի, որ մենք հասկանանք, թե ինչ բացթողումներ ենք ունեցել այս բնագավառում: Ցանկալի էր, որ վերջին 6-7 տարիներին պետությունը կարողանար մասնակցել արտաքին առևտրին` թեկուզ ներկրվող ապրանքների մեջ 10%մասնակցություն ունենալով: Օրինակ, անցյալ տարվա կտրվածքով  4,4 մլրդ դոլարի ապրանքներ ենք ներկրել. եթե վերջինիս 10 %-ը պետությունը ներկրեր, կունենար 5%-ի սահմաններում առևտրային կապիտալ, այն կկազմեր 20-25 մլն դոլարի սահմաններում գումար, որը կարելի էր որպես ներդրում վերադարձնել հայրենական արտադրանքի մեջ»,-ասաց բանախոսը:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`