Նոր Կիլիկիան` Մարտակերտում
Այսօր Մարտակերտի շրջանում նոր բնակավայր հիմնադրվեց: Անգամ անբարենպաստ եղանակն ու հորդառատ անձրևը չխանգարեցին Նոր Կիլիկիա բնակավայրի հիմնարկեքի արարողությանը: Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքների հարևանությամբ կառուցվելու է առաջին թաղամասը: Բարեգործական ծրագրի նախաձեռնողն ու ֆինանսավորողը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն է: Ավանի անունն էլ խորհրդանշական է` Նոր Կիլիկիա:
Նոր Կիլիկիայում բնակություն կհաստատեն Կիչան և Նոր Ղազանչի համայնքների այն ընտանիքները, որոնք բնակարանային խնդիրներ ունեն:
Մինչև տարեվերջ նախատեսվում է կառուցել 3 սենյականոց 10 առանձնատուն: Յուրաքանչյուր բնակարանի կառուցման եւ տնամերձի համար կհատկացվի 1200 քմ հողատարածք: Բնակարանները կհանձնվեն ամբողջությամբ պատրաստի վիճակում: Շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙIDC՚ ընկերությունը:
Բարեգործական այս ծրագրով որոշ չափով կլուծի նաև Նոր Ղազանչի և Կիչան համայնքներում ապրող զոհված ազատամարտիկների, բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրները: Լավատեսական տրամադրություններով էին համակված գյուղի մեծերը, քանզի իրենց գյուղերի հարևանությամբ նոր բնակավայրի հիմնադրումը հույս է ներշնչում, որ ի վերջո, կլուծվեն երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրն ու նրանք ստպված չեն լինի լքել հայրենի գյուղը:
Նախանշվող շինարարական ծավալուն աշխատանքները գյուղի բնակիչների համար նաև լրացուցիչ աշխատատեղեր կստեղծեն: Շինարարության ընթացքում կօգտագործվի հիմնականում տեղի աշխատուժը:
Հուսանք` Նոր Կիլիկիայում կառուցվող 10 բնակարաններին հետագայում կավելանան նորերը:
Իսկ որ գյուղն անպատճառ եկեղեցի է ունենալու` այսօր արդեն որոշված է:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












