Գլխավոր » Լրահոս

Վարդան Օսկանյան. «Ես երբեք այսպիսի փաստաթուղթ չէի ստորագրի»

Սեպտեմբեր 22, 2009թ. 19:25

20090427010521VardanOskanyan«Մենք պատրաստ չենք եղել որևէ փաստաթուղթ ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որովհետև  չենք կարողացել համաձայնության գալ երկու ուղղություններով, քանի որ մեր նշաձողը եղել է բարձր և ազգային շահերի համապատասխան»,- այսօր Երևան հյուրանոցում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը:

Հանդիպման թեման էր «Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում»: Այս օրերին թերևս բավականին կարևոր, ինչու չէ նաև պահաջված էր  Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկը 10 տարի իր ձեռքում պահած գործչի տեսակետներին ծանոթանալը, ուստի   քննարկումն անցավ բավականին աշխույժ մթնոլորտում: Նախկին  ԱԳ նախարարն ասաց, թե Սիվիլիթասում հավատում են Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված քաղաքական բանավեճին, բայց ցավում են, որ այն այլ ուղղությամբ է ընթանում: Օսկանյանի կարծիքով փաստաթղթից տպավորություն է ստեղծվում, որ բանակցություններն ընթացել են թուրքերի թելադրանքով: Բանախոսի կարծիքով փաստաթղթում խախտված է հավասարակշռությունը, ինչպես 1997-ին էր. 17 տարի  շարունակ Թուրքիան Հայաստանից  պահանջում է երեք պայմանի կատարում` Ցեղասպանության ճանաչման գործընթացի սառեցում, ներկայիս սահմանների ճանաչում և արցախյան հիմնահարցի` թուրքական սցենարով հանգուցալուծում: «Ահավասիք, այսօր   քննարկման դրված փաստաթղթերով ոչ միայն ճանաչում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այլ ամբողջությամբ զիջում ենք մեր պատմական իրավունքները»,-ասում է  Վարդան Օսկանյանը: Ըստ նրա, մենք փակում ենք պատմական արդարության վերականգնման հնարավորությունը: Օրինակ բերելով  աշխարհի 150-ից ավելի երկրների փորձը, նա հավաստիացրեց, որ այդ երկրները ևս ունեն տարածքային վեճեր, սակայն հաստատել են  նորմալ դիվանագիտական հարբերություններ, ունեն բաց սահմանները, տնտեսական բնականոն հարաբերություններ և այլն:

Ընդհանրացնելով ասվածը Օսկանյանը նշեց, որ փաստաթղթի այս տարբերակն իր համար անընդունելի է: Նրա կարծիքով փաստաթղթի բովանդակության 20 տոկոսը հարկավոր է փոփոխել: «Այսօր Թուրքիային ավելի` քան երբևէ, անհրաժեշտ է բացել սահմանը, որպեսզի նա  հնարավորություն ունենա դուրս գալ այն անկյունից, որի մեջ ինքն իրեն դրել է, բայց պետք չէ, որ դա անի Հայաստանի հաշվին, հայ ժողովրդի կամքին հակառակ”,- ասում է Վարդան Օսկանյանը:

Ա.Գ.


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`