Գլխավոր » Լրահոս, Մեր մեծերը

Ճանաչենք մեր հերոսներին ու ճանաչել տանք ողջ հայությանը

Սեպտեմբեր 23, 2009թ. 12:41

Այս տարի լրացավ հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր ներկայացուցիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, հայտնի քաղաքական գործիչ, հայկական պետականության վերականգնման ջատագով Արամ Մանուկյանի 130-ամյակը:

Ծնվել է 1879թ. մարտի 19-ին Շուշի քաղաքում: Նախնական կրթություն ստանալով Շուշիում` 1895թ. ընդունվում է Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցը, 1900-ին հեղափոխական գաղափարներ տարածելու պատճառով մի քանի ընկերների հետ հեռացվում է թեմականից և ուսումը շարունակում Երևանի թեմական դպրոցում:

Դեռևս 1901թ. Արամն արդեն սկսել էր իր քաղաքական-հայրենասիրական կենսագրությունը: Նա իր կազմակերպչական ու քաղաքական հմտության շնորհիվ լայն ճանաչում ձեռք բերելով ` 1905թ. անցնում է Վան: Կարճ ժամանակ անց, ստանձնելով ՀՅԴ Վանի կազմակերպության ղեկավարությունը, եռանդուն գործունեություն է ծավալում ընդհանուր ապստամբության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու, զենք-զինամթերք փոխադրելու ուղղությամբ:  Իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեսնելով, որ թուրքական իշխանությունների հետ բանակցությունների միջոցով հնարավոր չէ Վանի հայությանը փրկել զրկանքներից ու ջարդերից, Ա. Մանուկյանը իր զինակից ընկերների հետ  կազմակերպում է 1915թ. Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական պտուղը եղավ Վան-Վասպուրականի նահանգի ստեղծումը,  և ինքն էլ ընտրվեց նահանգապետ: Արամ Մանուկյանն անուրանալի ներդրում ունի նաև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման գործում: Լինելով հայոց պետականության հիմնադիր հայրերից մեկը` ընտրվում է առաջին հանրապետության ներքին գործերի նախարար` իր ձեռք բերած փորձն ու ողջ մտավոր կարողությունը  ներդնելով հայրենի պետության կայացման ու բարգավաճման գործում:

ՀՀ ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր այրերից մեկի` Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակին նվիրված համահայկական գիտաժողով:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը բացման խոսքում  կարևորեց Ա. Մանուկյանի ավանդը Վանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու, այն հաղթական ավարտին հասցնելու, մեր պետականությունը ստեղծելու գործում:

ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանն էլ, ողջույնի խոսք ասելով ներկաներին, ցավով նշեց. « Այսօր, մենք կարծես մոռացել ենք մեր հերոսներին, մենք չգիտենք` ովքե՞ր են մեր հերոսները, ինպիսի՞ հայրենասիրական գործունեություն են ծավալել հանուն մեր ազգի գոյատևման, հանուն մեր պետականության վերականգնման», իսկ վերջում, կոչ անելով ներկաներին, հավելեց. «Եկեք վերականգնենք մեր հերոսների կերպարները, նրանց ճանաչել տանք ոչ միայն նեղ մասնագետներին, այլ ողջ հայությանը`  մինչև  վերջին հայը, որ ապրում է մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու»:

Պատմաբան Գևորգ Խուդինյանը իր զեկույցում արժևորեց Ա. Մանուկյանի քաղաքական հեռատեսությունն ու դիվանագիտական հմտությունները: Նրա կատարած դերն ու ձեռքբերումները զուգահեռելով մերօրյա իրադարձություններին`  ասաց.  «Մենք այսօր էլ պետք է օրինակ վերցնենք Ա. Մանուկյանի փորձից. ինչպես նա էր անում, այնպես էլ մենք պետք է թուրքական դիվանագիտության դեմ օգտագործենք իրենց իսկ որդեգրած դիվանագիտության լեզուն, միայն այդ դեպքում կարող ենք հաջողությունների հասնել: Եվ եթե Հայաստանի 3-րդ հանրապետությունը ճանաչի ներկայիս Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ապա նշանակում է, որ մենք մեր ձեռքով նրան կհանձնենք մեր ողջ պատմության ճակատագիրը: Եթե մենք վարվենք այնպես, ինչպես Թուրքիան է թելադրում, ապա իրավունք չպիտի ունենանք հայ կոչվելու, ավելին, ազատելով Թուրքիային պատասխանատվությունից, մենք էլ կդառնանք նրա հանցակիցը»:

Վանիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Թեգեր`

Դիտել Լրահոս, Մեր մեծերը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`