Գլխավոր » Լրահոս

Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի

Սեպտեմբեր 23, 2009թ. 16:19

Armen Ayvazyan 33Այսօր «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը ասուլիսում հայտնեց, որ իրենց կողմից կազմվել է  հայց` ընդդեմ Լրատվամիջոցների Կովկասյան Ինտիտուտ հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի: Կոնֆլիկտի առիթն  2008 թ. օգոստոսի 1-4-ը Լրատվամիջոցների Կովկասյան Ինտիտուտ հիմնադրամի կողմից Ստամբուլում կազմակերպված գիտաժողովի  զեկույցների բովանդակությունն է,  դրանց հետագա հրատարակումն ու տարածումը:

Բանն այն է, որ գիտաժողովի մասնակիցներից ազգությամբ թուրք Այբարս Գյորգյուլուն  իր ելույթում ասել է, թե Թուրքիան խիստ վրդովված է այն բանից, որ Հայաստանը մեղադրում է Օսմանյան Թուրքիային, թե վերջինս իրագործել է Հայոց Ցեղասպանությունը, որի մասին  «կան լուրջ կասկածներ և տակավին բուռն բանավեճ է ընթանում»: Բացի այդ,  վերոնշյալ անձը 34 անգամ հիշատակել է Հայոց Ցեղասպանություն բառակապակցությունը և 34 անգամ այն ներկայացրել է չակերտների մեջ:  Գյորգյուլուի զեկույցը նույնությամբ տեղ  է գտել Կովկասյան Ինստիտուտի կողմից 1000 օրինակով տպագրված գրքույկում  և տարածվել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Այս փաստերի ուսումնասիրության արդյունքում «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը «Ջի-փառթնեռս» իրավաբանական կազմակերպության հետ  կազմել է 18 էջանոց մի փաստաթուղթ, որով պատրաստվում են դատական պատասխանատվության ենթարկել Ալեքսանդր Իսկանդարյանին`  Հայաստանի Հանրապետության պետական շահերին, Հայաստանի հանրության շահերին հասցված վնասի համար` պահանջելով յուրաքանչյուր հայի պատվին ու արժանապատվությանը հասցված բարոյական վնասի փոխհատուցում: Պահանջվելու է նաև, որ վերջինս «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Գոլոս Արմենի»  լրատվամիջոցներով  և արբանյակային ցանցով հեռարձակվող «Հ1», «Շանթ», «Արմենիա» հեռուստաընկերությունների լրատվական գլխավոր թողարկումներով հրապարակավ հերքի  2008 թ.-ին  իրենց կողմից հրատարակած գրքույկում տեղ գտած տեղեկությունները: Բացի այդ, պահանջվելու է օրինական կարգով արգելել ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը և պատասխանողի կողմից հրատարակված գրքույկի հետագա տարածումը: Ընդհանուր առմամբ մտահոգիչ է, որ մեզանում ինչ-որ անձանց կողմից սկսվել է մի քարոզչություն, որն ակնհայտորեն միտված է  ցեղասպանության ժխտմանը: Պատվիրատուն պարզ է. ցավալին այն է, որ տեղական կամակատարներն են շատացել, որոնք, ընդամենը մի քանի գրոշի դիմաց պատրաստ են ազգ ու պետություն ծախել:

Ցավոք, Կովկասյան Ինստիտուտի կողմից իրականացվածը միակ դեպքը չէ: Այս տարվա փետրվարին  կազմակերպվել է քսան հայ և ութսուն թուրք ուսանողի հանդիպում Թուրքիայի Նևշեհիր քաղաքում: Թուրքական կողմը վերջիններիս ընդունել է բավական ջերմ ու բարեկամական մթնոլորտում, կազմակերպել խրախճանքներով հագեցած երեկոներ: Խրախճանքների արդյունքում ծնվել է  համատեղ ստրագրված  մի հայտարարություն, որն իր  բովանդակությամբ հանգեցնում է  թուրքերի կողմից հայերի ցեղասպանության ժխտմանը:

Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի դիտարկմամբ, կան այլ դեպքեր ևս, երբ Հայաստանում ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործվում է «1915 թ.-ի դեպքեր, իրադարձություններ» և այլ բնորոշումներ: «Վախենում, խուսափում թե դիտավորյալ չեն օգտագործում ցեղասպանություն բառը` դժվար է ասել, բայց անհրաժեշտ է կասեցնել դեպքերի նմանօրինակ ընթացքը և պայքարել այդ երևույթի դեմ»,-ասում է   Արմեն Այվազյանը:

Ա.Գ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`