Հայաստանում առաջին դատական հայցն`ընդդեմ Հայոց Ցեղասպանության ժխտման
Սեպտեմբերի 17-ին «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը հայցով դիմել է Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ընդդեմ Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի: Հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթները, միջազգային իրավունքի պահանջները, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 82-րդ և 87-րդ հոդվածներով, Արմեն Այվազյանը դատարանից պահանջում է` պարտավորեցնել Ա. Իսկանդարյանին հերքել 2008 թվականին ինստիտուտի կողմից հրատարակված «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գրքում զետեղված վիճարկվող տեղեկությունները հերքել զանգվածային լրատվամիջոցներով, արգելել հետագայում Հայոց ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը, արգելել պատասխանողի տիրապետման ներքո գտնվող նույն գրքի օրինակների հետագա տարածումը և հասցված բարոյական վնասի դիմաց պարտավորեցնել հատուցել մեկ (1) խորհրդանշական (պայմանական) դրամ:
Սպասվում է, որ այս շաբաթ դատարանը կկայացնի վարույթի մասին իր դրական որոշումը: Ըստ Արմեն Այվազյանի գործով առաջին լսումները տեղի կունենան հոկտեմբերի առաջին կեսին: Արմեն Այվազյանը հույս հայտնեց, որ այդ հարցում դատական համակարգը «կլինի հայ ժողովրդի կողքին»:
Ա.Գ.












