Գլխավոր » Լրահոս

Գուցե օրենսդրական փոփոխություննե՞րն օգնեն

Սեպտեմբեր 23, 2009թ. 20:23

ishkhan«ՀՀ վերահսկիչ պալատը, ի վերջո, կդառնա ոչ թե պատժող մարմին, այլ օգնող`շնորհիվ կատարման այն արագության, որով արձանագրված խախտումները վերացվում են», -այսօր «Մետրոպոլ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Ըստ նրա`վերահսկող մարմնի աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն կառավարության որոշումների, օրենսդրական բացթողումների շտկման դեպքում:

Ամփոփելով ասուլիսին նախորդած նիստի արդյունքները` Իշխան Զաքարյանն անդրադարձել է ֆինանսների, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, քաղավիացիայի ու համաշխարհային բանկի աջակցությամբ սոցիալական ներդրումների հիմնադրամի կատարած աշխատանքների վերահսկողությանը:

Լուրջ բացթողումներ են արձանագրվել քաղավիացիայի ոլորտում. « ՀՀ-ում գրանցված 12 ավիաընկերություններից ինը գործում են երկրից դուրս, որոնք հիմնականում թռիչքներ են իրականացնում Աֆրիկյան երկրներում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերությունները գրանցվում են անվճար: Համեմատության համար նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում գանձվում է 382 միլիոն դրամ, Մեծ Բրիտանիայում` 1.1 միլիարդ դրամ»:Արդյունքում, ըստ վերահսկիչ պալատի նախագահի ներկայացրած տվյալների, 2007 և 2008 թվականներին արտասահմանում գործող ինը ընկերություններից միասին  հարկվել է 37 միլիոն 2 հարյուր հազար դրամ,մինչդեռ Հայատանում գործող «Արմ աէրո» ընկերության միակ ուղղաթիռի համար վճարվել է 41 միլիոն 3 հարյուր հազար դրամ:

Խնդիրներ կան նաև խաղատներում սեղանիկների և խաղային ապարատների հետ կապված. «Այսօր լիցենզավորում ստացած 120 սեղանիկներից, ըստ հարկային մարմիններ ներկայացված տվյալների, միայն 40-ն է գործում»: Պալատի նախագահի խոսքերով`այս դեպքում մեծանում են կոռուպցիայի ռիսկերը. «Ընկերությունները կարող են համաձայնության գալ հարկային մարմինների հետ և թաքցնել իրական թվերը: Օրենքի փոփոխություններից  հետո լիցենզավորված յուրաքանչյուր սեղանիկի կամ խաղային ապարատի համար ընկերությունները պարտավորված կլինեն վճարել ամսական չորս միլիոն դրամ»:

Հաճախ նաև անօրինական ճանապարհով են ներկրվում ապարատները կամ ունենում են կեղծ արտասահմանյան սերտիֆիկատ: Իսկ իրականում հաճախ պատրաստվում են Հայաստանում և խաղացողին վերադարձնում են գումարի 5-20 տոկոսը, մինչդեռ պետք է վերադարձվի 86 տոկոսը:

Հետաքրքիր և ծիծաղելի արդյունքներ են ստացվել գործող խոշոր ոսկու խանութների ներկրման տվյալներն ուսումնասիրելիս: Համաձայն դրանց, 2007 թվականին «Պրիմա գոլդ» ընկերությունը ոսկու ներկրման ամսական հաշվետվության մեջ ներկայացրել է 200 գրամ, «Ջիանին»`17 գրամ, «Մերկուրին»` 525 գրամ, 2008 թվականին` «Ջիանին» ոչ մի տվյալ չի ներկայացրել, «Մերկուրին»`433 գրամ, «Պրիմա գոլդը»`542 գրամ:

Սոցիալական ներդրումների հիմնադրամում կատարված վերահսկողության արդյունքում մոտ 26 միլիոն 324 հազար դրամի խախտում է արձանագրվել, որից 25 միլիոն 300 հազարը վերականգնվել է:

Արդարադատության նախարարության աշխատանքներում արձանագրված մոտ 65 միլիոն դոլարի խախտումների կեսը, Իշխան Զաքարյանի խոսքերով, վերականգնվել է :

Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման մարմնի կատարած խախտումները կազմում են մոտ 3,9 միլիոն դրամ, ինչն ամբողջովին վերականգնվել է:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դեպքում խախտումը կազմում է 3 միլիոն 309 հազար դրամ, որից 628 հազարը վերականգնվել է, իսկ 1 միլիոն 970 հազարը կոնկրետ ժամկետներում պետք է վերականգնվի:

Իշխան Զաքարյանը դրական է գնահատում այն, որ ստուգվող կազմակերպությություններում արագ են կատարվում շտկումները:

Անի


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`