Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանն ու Թուրքիան շարունակում են թշնամանքը

Սեպտեմբեր 23, 2009թ. 21:05

Kamsar hodvac nkarՀայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից նախաստորագրված արձանագրությունների հասարակական քննարկումները շարունակում են բացահայտել երկու երկրների ղեկավարների իրական տրամադրվածությունը հակառակ կողմի հանդեպ: Չնայած այն հանգամանքին, որ թե’ Երևանը, և թե’ Անկարան շարունակում են բարձրաձայնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրենց վճռականության մասին, այնուամենայնիվ, փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն այդքան էլ անկեղծ չեն իրենց այդ ձգտման մեջ:

Անցած շաբաթվա վերջում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե ադրբեջանա-արցախյան հակամարտությունում առաջընթաց չնկատվի, ապա հայ-թուրքական սահմանը երբեք չի բացվի: Բացի այդ, Թուրքիայի վարչապետը կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է ձերբազատվի Սփյուռքի ազդեցությունից, քանի որ «հայկական Սփյուռքից ոչ մի օգուտ չկա»:

Էրդողանի այս հայտարարությունը արժանացավ հայկական կողմի  բավական սուր քննադատությանը: Մասնավորապես, հայտարարությամբ  հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Թուրքական կողմը տեղեկացված է և, վստահ ենք՝ գիտակցում է, որ մենք բացառում ենք հայթուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով: Փորձելով կապել այդ երկու գործընթացները` կարելի է ձախողել թե՛ մեկը, թե՛ մյուսը»,– նկատել է հայ նախարարը, ավելացնելով, որ «եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին եւ նպատակներին հակառակ», – հատուկ ընդգծել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Սակայն հայկական կողմը չի բավարարվել միայն Էդվարդ Նալբանդյանի պատասխանով: Նշված հարցին է անդրադարձել նաև ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, որն ասել է, թե եթե թուրքական կողմը շարունակի նույն ոգով նախապայմաններ առաջ քաշել և հայտարարել, թե առանց ղարաբաղյան հակամարտության լուծման սահմանը չի բացվի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին չի մեկնի Թուրքիա՝ ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու: «Մեզ համար անթույլատրելի է նախապայմաներով հարաբերությունների հաստատումը: Հայաստանի համար ցանկացած վերջնագիր անընդունելի է: Դա մենք հստակ ասել ենք: Եվ եթե նա վերջնագիր ունի ներկայացնելու, թող դա ներկայացնի իր փոքր եղբայրներին՝ ադրբեջանցիներին, և բացատրի, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Ղեկավարներից է’լ ավելի սուր շեշտադրումներով հանդես են գալիս Հայաստանի և Թուրքիայի հասարակական, քաղաքական գործիչները: Եվ, բնական է, որ այսպիսի իրավիճակում խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և առավել ևս բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին, պարզապես ծիծաղելի է:

Հայ և թուրք ժողովուրդների միջև գոյություն ունեցող թշնամանքն ունի պատմական խորը հիմքեր: Ինչպե՞ս կարող էր թշնամանք չլիներ, երբ բնիկ հայ ժողովրդի հայրենիքն այսօր զավթված է քոչվոր թյուրքական ցեղերի կողմից, ոչնչացված են հայերի հոգևոր և նյութական արժեքները: Եվ վերջապես, մեկ ու կես միլիոն հայեր  1915-ին Ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից:

Եվ ուրեմն, ո՞րն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսօրվա շարժառիթը: Արդյո՞ք, միջազգային հանրության աչքում ժողովրդավար և հանդուրժողական երևալու հայերի և թուրքերի ձգտումները, թե՞ սեղանին ավելի մեծ խաղադրույք է դրված:

Այդ պարագայում հարկ է ընդամենը ճիշտ գուշակել, թե ովքեր են խաղացողները և ովքեր են հայտնվել «խաղաքարերի» դերում: Կարծում եմ, որ միայն այս խնդրի լուծումը կարող է ամեն ինչ իր տեղը դնել:

Կամսար ՄԵԼԻՔՅԱՆ


Թեգեր` , , , ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`