Էրդողանի Նյու Յորքյան հանդիպումները շարունակվում են
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Նյու Յորքյան բոլոր հանդիպումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Թուրքիայի վարչապետի ելույթներում նույն շեշտադրումներն են: Իսկ ղարաբաղյան թեման այդպես էլ չի դադարում հնչեցվել նրա կողմից:
Այսպես, Թուրքիայի վարչապետը, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելով Նյու Յորքի Փրինսենի համալսարանում, կրկին հայտարարել է, թե Հայաստանը պետք դուրս բերի զինյալ ուժերը «ադրբեջանական գրավյալ տարածքներից»:
Ինչ վերաբերում է նախաստորագրված արձանագրություններին, ապա, ըստ նրա, գործընթացը նախատեսվածի պես է ընթանում: Էրդողանը նաև տեղեկացրել է, որ ստորագրման նախօրեին` հոկտեմբերի 10-11-ին, փաստաթղթերը կմտնեն Թուրքիայի մեջլիս, և վերջնական խոսքը խորհրդարանինն է լինելու:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Էրդողանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ դռնփակ հանդիպման ժամանակ խոսելով Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին, դարձյալ անդրադարձել է ինչպես հայ-թուրքական հարաբերություններին, այնպես էլ կիպրական խնդրին:
Այսօր կայանալու է նաև Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, որի ընթացքում որպես առաջնային խնդիր դարձյալ արծածվելու է Հայաստան -Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը:
Ք.Մ.
Թեգեր` Թուրքիա, Ռեջեփ Թայիբ Էրդողան












