Գլխավոր » Լրահոս, Վերլուծական

Այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին դասընթացներ Ադրբեջանի և այլ երկրների դպրոցներում

Սեպտեմբեր 24, 2009թ. 11:00

Վահրամ Միրաքյան

Ադրբեջանական դպրոցներում պետության նախաձեռնությամբ սկսվել է այսպես կոչված «Խոջալուի արդարություն» միջազգային նախաձեռնության աջակցության ակցիա:

«Խոջալուի արդարություն» ակցիայի նախաձեռնողը Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան է, իսկ նախաձեռնության նպատակը «Խոջալուի ցեղասպանության» մասին Եվրոպայի և Իսլամական Կոնգրեսի անդամ պետությունների դպրոցականներին տեղեկացնելն է:

Ծրագրի շրջանակներում ամեն ուսումնական տարվա սկզբի երկու շաբաթների ընթացքում պատմության դասաժամերին կներկայացվի «Խոջալուի ցեղասպանությունը», իսկ ինֆորմատիկայի դասերի ժամերին դպրոցականները կծանոթանան www.justiceforkhojaly.org կայքի ռեսուրսներին և կսովորեն օգտվել այդ կայքից:

Ըստ 1news.az-ի` ծրագիրը սկիզբ է առել Բաքվի թիվ 6 դպրոցից: Դպրոցի աշակերտները, ծանոթանալով www.justiceforkhojaly.org կայքից օգտվելու կանոններին, աշխարհի տարբեր դպրոցների իրենց հասակակիցներին հրավեր են ուղարկում այսպես կոցված «Խոջալուի ցեղասպանության» հետ նրանց ծանոթացնելու նպատակով:

Նշենք, որ այս տարվա փետրվարի 25-26-ին աշխարհի 25 երկրներում տեղի է ունեցել այս ծրագրի շնորհանդեսը: Եվ ընդհանրապես, վերջին տարիներին ադրբեջանցիները հեղեղել են համացանցն այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» քարոզչությամբ: «Խոջալուի ցեղասպանության» միջոցառումների հիմնական կազմակերպիչը  Հեյդար Ալիևի անվան պետական հիմնադրամն է` պետական այլ կառույցների աջակցությամբ, որոնք մշակում ու հաստատում են արտերկրում և ներսում անկացվելիք միջոցառումները։

Իսկ ի՞նչ է անում հայկական կողմն` ադրբեջանական «խոջալուական» կեղծ քարոզչությունը կասեցնելու և հակադարձելու համար։ Ոչինչ: Հայկական կողմում կա այն տեսակետը, թե «Խոջալուի ցեղասպանության»  մասին խոսելով, մենք աջակցում ենք ադրբեջանական քարոզչությանը` յուրաքանչյուր անգամ առիթ տալով նրանց հիստերիա բարձրացնելու:

Նման տեսակետը կարող էր արդարացված լիներ, եթե խոսքը վերաբերեր ժամանակ առ ժամանակ անկազմակերպ իրականացվող ակցիաներին: Սակայն այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» թեմայով ադրբեջանական կողմը վարում է լուրջ` նպատակասլաց և համակարգված պետական քաղաքականություն, որի նպատակը ողջ աշխարհին հավաստիացնելն է, թե հայերն ադրբեջանցիների նկատմամբ իբր «ցեղասպանություն» են իրականացրել: Այս պարագայում, հայկական կողմի լռությունը ոչ միայն չի կանխում, այլ աջակցում է «խոջալուական» կեղծ քարոզչության տարածմանը ողջ աշխարհում:

Այպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հարցի համար աշխատում է ադրբեջանական ողջ պետական համակարգը, հասարակական շատ կազմակերպություններ, սփյուռքը, քաղաքական կուսակցությունները և այք:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Ադրբեջանի «խոջալուական» հաղթարշավի մեղավոր է համարում հայկական կողմի պասիվությունը քարոզչության ոլորտում: «Հսկայական նյութը, որը հավաքված է, թույլ է տալիս ապացուցել ճիշտ հակառակը` այն, որ ադրբեջանական կողմն է իրագործել այդ ակտը, վանդալիզմը: Հայ հասարակությանը քաջ հայտնի է դա, բայց մենք չենք կարողանում այս ճշմարտությունը հասցնել աշխարհին: Չկա կեղծված որևէ փաստ, որ ադրբեջանցին չկարողանա հասցնել միջազգային լրատվամիջոցներին: Եթե մենք մեր քայլերը համակարգենք, Ադրբեջանը չի կարող պատասխանել մեր փաստարկներին»,-ասում է Ա. Մանասյանը:

Ադրբեջանցիներն արդեն հասել են նրան, որ ԱՄՆ կոնգրեսում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» օրը մեկ րոպե լռությամբ հարգում են անմեղ զոհերի հիշատակը, Իսլամական Կոնֆերանսի երկրներն արդեն ընդունել են բանաձև, որով Խոջալուի դեպքերը ճանաչում են որպես «մեծ ջարդ», իսկ Թուրքիայում ՀՀ նախագահի դեմ դատական հայց են ներկայացնում Եվրոպայի մարդու իրավունքների դատարան` «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակից լինելու մեղադրանքով:

Քաղաքագետ Ա. Մանասյանը նշում է. «Չկա միջազգային մի ֆորում, մի խորհրդաժողով, որտեղ ադրբեջանցիներն այդ հարցը չբարձրաձայնեն` չստանալով համարժեք պատասխան հայկական կողմից: Քարոզչական պատերազմների միջոցով կարելի է շատ բանի հասնել: Խոջալուի օրինակը ցույց է տալիս հայկական կողմի անպատասխանատվությունը քարոզչական գործողություններ ծավալելու հարցում»:

Ադրբեջանի նման աշխատանքներին հայկական կողմից պատասխանում են միայն անհատներ` համացանցում «Խոջալուի ցեղասպանության» մասին մի քանի ռեսուրս ստեղծելով: Ստորև ներկայացնում ենք դրանց ցանկը.

  1. Հայկ Դեմոյանի ու Լևոն Մելիք-Շախնազարյանի “Ходжалинское дело: особая папка” աշխատությունը ռուսերեն` http://armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/khojaly_f/contents.html և անգլերեն`http://budapest.sumgait.info/khojaly/main.html
  2. Sumgait.info կայքի՝ Խոջալուի ողբերգությանը նվիրված բաժինը` http://sumgait.info/khojaly/khojaly.htm
  3. Արցախյան պատերազմի մամլո արխիվը. http://press.karabakh.info/Main_Page
  4. ԱՄՆ-ում ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչության կայքում Խոջալուի իրադարձություններին նվիրված բաժինը` http://www.nkrusa.org/nk_conflict/khojaly.shtml :

Թեգեր`

Դիտել Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`