Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Շուտով ԼՂՀ-ն իր օդանավակայանը կունենա

Սեպտեմբեր 24, 2009թ. 11:19

jak40Եթե մեկ-երկու տարի առաջ Արցախում քաղավիացիայի վերականգնման հեռանկարների մասին խոսում էինք անորոշ ապագայի շեշտադրումներով, ապա   վերջերս այդ հեռանկարը սկսել է ավելի իրատեսական դառնալ. ԼՂՀ Ազգային ժողովին է ներկայացվել ԼՂՀ քաղավիացիայի մասին օրինագիծը, իսկ Ստեփանակերտում արդեն մեկնարկել են օդանավակայանի շինարարական աշխատանքները:

Օրերս Երևանում`   ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ կայացած խորհրդակցության    ընթացքում, հստակեցվեց նաև հավանական փոխադրամիջոցը. նախատեսվում է ԵրևանՍտեփանակերտ օդային կապն ապահովել ինքնաթիռներով: Այդ ուղղությամբ ևս արդեն քայլեր են ձեռնարկվել: «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը տեղեկացրեց, որ համապատասխան ինքնաթիռն արդեն ձեռք է բերվել: Երևան-Ստեփանակերտ չվերթները կսկսվեն Ստեփանակերտի  օդանավակայանը պատրաստ լինելուն պես:

Ընդ որում, այն  փաստը, որ նախապատվությունը տրվեց հատկապես ինքնաթիռներին, ավիացիայի մասնագետները դրական են գնահատում: Ավիացիոն միության նախագահ Դմիտրի Աթբաշյանը վստահեցնում է, որ թե’ արդյունավետության, թե’ անվտանգության առումով առաջարկվող ինքնաթիռները զգալիորեն գերազանցում են ուղղաթիռներին:

Ժամկետները սեղմ են, սակայն դա չպետք է խոչընդոտի իրականացվող աշխատանքների որակը: Խնդիրը` զուտ անվտանգությունից բացի, նաև քաղաքական ենթատեքստ ունի: Օդանավակայանը պետք է Արցախի լավագույն այցեքարտը դառնա. սա ԼՂՀ նախագահի և ցանկությունն է, և հանձնարարականը: Նույն կարծիքին է  նաև «Արմավիա»-ի սեփականատերը.«Ավելի լավ է ծրագիրն իրականացվի մի փոքր ուշացումով, բայց  իրականացումից հետո, այն լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին»,- նկատեց Միխայիլ Բաղդասարովը:

ԼՂՀ նախագահը վստահեցնում է` օդանավակայանի բացմանը Արցախում շատերն են անհամբերությամբ սպասում. ակնկալիքները շատ են, սակայն, այդ աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելու համար նաև համապատասխան մասնագետների   անհրաժեշտություն կա: Հրավիրված մասնագետների համար աշխատանքի և կեցության  բոլոր պայմանները կապահովվեն` խոստացավ նախագահ Բակո Սահակյանը: Առաջին արձագանքներն արդեն կան, նրանք` Հայաստանում ավիացիայի հիմքերը դրած  մասնագետներն են.« Վստահ եմ` նրանցից շատերն ուրախությամբ կմասնակցեն այս նոր ծրագրին»,- համոզված է Ավիացիոն միության նախագահ Դմիտրի Աթբաշյանը: Ավիացիայի փորձառու մասնագետը վստահեցնում է` ինքը չի հապաղի և Արցախում կլինի արդեն հոկտեմբերի կեսերին:

Ն.Հովսեփյան

Ստեփանակերտ



Թեգեր` ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`