Եվրոպայում բնակվող թուրքերը պահանջում են, որ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը
Հարցազրույց գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի հետ
– Քաղաքական գործիչներն իրարամերժ տեսակետներ են արտահայտում, մի մասը վստահ է, որ արտգործնախարարաների կողմից նախաստորագրված արձանագրություններն իրենց մեջ ծուղակային տողատակեր են պարունակում, իսկ մյուս մասը վստահեցնում է, որ արձանագրությունները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով ստեղծված բարդ ճանապարհի լոկ մեկնարկային քայլն է: Ձեր կարծիքով ներկայիս կարծիքների տեղատարափը ավելի շատ կօգնի իրավիճակն առավել սթափ գնահատե՞լ, թե՞ ավելի խուճապ կառաջացնի հասարակության շրջանում:
– Այո, համաձայն եմ, որ հասարակությունն աջից, ձախից այնքան տարաբնույթ մեկնաբանություններ է լսում, որ իսկապես կարող է տրվել խուճապային տրամադրությունների: Սակայն սա այն դեպքերից է, որ անհրաժեշտ է սառնասրտություն ցուցաբերել, սառը գլխով դատել, հարյուր անգամ չափել, և միայն ու միայն օգնել, ոչ թե փորձել սեփական ամբիցիաները բավարարել: Ցավոք, մեր հասարակությունը կուսակցությունների մեջ է պառակտված է, մարդիկ հիմնականում կուսակցական տեսակետներ են արտահայտում, փոխարեն խոսեն համազգային շահերից: Հասարակությանն անհրաժեշտ է տալ ամբողջական, ճշգրիտ և լիարժեք տեղեկատվություն և հարկավոր չէ կուլ գնալ ադրբեջանաթուրքական վայրահաչոցներին: Անհրաժեշտ է սեփական երկրի շահի գիտակցումով ու ծանրակշիռ փաստարկներով ներակայանալ, որովհետև այլևս անհնար է հանդուրժել թուրքական խծբծանքները:
-Հայկական դիվանագիտությունն այսօր կարողանո՞ւմ է ճշգրտորեն ներկայացնել մեր խնդիրները միջազգային կառույցներում: Օրերս հասարակական գործիչներից ՀՀ Հանրային Խորհրդի Պաշտպանության և Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Հիմնարար Գիտությունների Հայկական Կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը նամակով դիմել էր Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին պատասխանատվության ենթարկելու մասին: Ձեր կարծիքով սա անվստահությա՞ն, թե՞ անհիմն կասկածամտության հետևանք է:
-Երբ մեր դիվանագետները հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ հրապարակային ելույթների ժամանակ տեսակետներ են ներկայացնում պատմության, միջազգային դիվանագիտության մասին, ես հիանում եմ նրանց գիտելիքով, բայց ինչու՞ են այսպիսի խաղերի տրվում, չեմ հասկանում: Ես չեմ հավատում , որ արտաքին ճնշումը կարող է այնքան մեծ լինել, որ ստիպված լինենք ընդառաջ գնալ մեր ազգային արժանապատվությունը վիրավորող նման խաղերին:
– Օրերս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում հորդորել էր ժամանակակից Թուրքիայի իշխանություններին, որ եթե վերջիններս պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել Հայոց ցեղասպանությունը վերապրածների և նրանց զավակների հանդեպ: Ձեր կարծիքով, թուրքերը դեռ որքա՞ն ժամանակ են խուսանավելու ընդունել Հայոց եղեռնի փաստը և որքան ժամանակ են փորձելու մանևրել:
– Հետաքրքիր իրողություն է այսօր տեղի ունենում աշխարհի շատ եվրոպական պետություններում: Օրինակ, ես բազմիցս ներկա եմ եղել և մասնակցել եմ ապրիլ 24-յան փարիզյան ցույցերին, որոնք անցկացվում են բարձր կազմակերպվածությամբ: Անցյալ տարի փարիզյան ցույցին մասնակցելու նպատակով հայեր էին եկել Բելգիայից, Շվեցարիայից: Ընդհանրապես, Եվրոպական երկրներում բացի հայերից այդ ցույցերին մասնակցում են տարբեր ազգերի ներկայացուցիրչներ, մասնավորապես` ասորիներ, որոնք 1915 թ.-ին նույնպես ցեղասպանության են ենթարկվել, քրդեր և այլ ազգերի ներկայացուցիչներ: Վերջին տարիներին ապրիլ 24-յան երթին մասնակցում են նաև թուրքեր, որոնք պաշտպանում են Հայ Դատը և կարծիք են հայտնում, որ Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունն ամոթ է, խարան է Թուրքիայի ճակատին, և որքան այդ խարանը շուտ “մաքրվի”, այնքան նրանք ազատ կշնչեն ու կկարողանան հպարտությամբ ասել, որ իրենք թուրք են: Այժմ Եվրոպայում ապաստանած թուրքերն ունեն անլիարժեքության բարդույթ այդ պատմական խարանի պատճառով: Այնպես, որ Թուրքիան ոչ միայն պարտավոր է հարգել Սփյուռքի մեր հայրենակիցներին, այլև Հայաստանին և դադարել իրեն հատուկ երկդիմի քաղաքական խաղը խաղալ` սեփական սխալներն ընդունելու փոխարեն սպառնալիքների լեզվով խոսել մեզ հետ:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ












