«Սահմանը» սահմանից այն կողմ` Անթալիայի փառատոնում
Հոկտեմբերին Անթալիայում անցկացվելու է «Գոլդեն օռանջ» միջազգային ֆիլմերի 46-րդ փառատոնը: Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ, արդեն իսկ ընտրվել են Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակից ֆիլմերը, որոնք 12-ն են և ներկայացնում են Եվրոպան և Ասիան:
Ըստ թուրքական լրատավամիջոցների, մրցույթին մասնակցելու են ֆիլմեր Բուլղարիայից, Անգլիայից, Հայաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Իտալիայից, Չեխայից, Վրաստանից և այլ երկրներից, որոնցից ընտրվելու է միայն հինգը:
«Ոսկե ծիրանի» գրասենյակից մեզ տեղեկացրեցին, որ վերոնշյալ փառատոնում Հայաստանը ներկայացնելու է Հարություն Խաչատրյանը` «Սահման» ֆիլմով: Ֆիլմում դեպքերը ընթանում են հետխորհրդային շրջանում` հայ-ադրբեջանական պատերազմից հետո: Ֆիլմը պատմում է «հակամարտության գոտու» մերձակայքում գտնվող մի գյուղի մասին, որտեղ մի ամերիկահայ բարերար բարեգործական ճաշարան է բացել, իսկ մոտակա ագարակում աշխատում են տարբեր վայրերից եկած փախստականներ: Գյուղացիները մի կիսավայրենացած ու կիսակենդան գոմեշ են գտնում ճահճուտներում: Գոմեշին բերում են ագարակ, որտեղ հսկող շները, դեսուդենից հավաքված կենդանիները, պատերազմից հոգնած ֆերմերներն ու փախստականները նրան սկսում են վերաբերվել որպես օտարականի և թշնամու: Գյուղական ամբողջ տարվա կյանքը մենք տեսնում ենք գոմեշի աչքերով: Անցնում է ամառը, գալիս է աշունը, ապա` ձմեռը: Եղանակները փոխվում են, բայց գյուղում շարունակվում է նույն միապաղաղ կյանքը: Հետևելով գոմեշին` ծանոթանում ենք գյուղի և ագարակի շրջակա կյանքին:
Իսկ փառատոնի մասին ֆիլմի հեղինակի կարծիքն ու ակնկալիքները կիմանանք վաղը` Հարություն Խաչատրյանի մամուլի ասուլիսում:
Ա.Կ.












