Դրամաշնորհներ Կանադայից բնապահպանության համար
«Շրջակա միջավայր և անվտանգություն» թեմայով Երևանում անցկացվող կլոր-սեղան քննարկմանը մասնակցում էին բնապահպանական կազակերպությունների և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Բացի հայ ներկայացուցիչներից, քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակից տնտեսական, բնապահպանական հարցերով պատասխանատու Քրիստոֆ Օպֆերմանը և ԵԱՀԿ քարտուղարության տնտեսական, բնապահպանական հարցերով պատասխանատու Դեյվիդ Սվոլին:
Լինելով բնապահպան և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ` Դեյվիդ Սվոլին, այնուամենայնիվ, չշրջանցելով արդիական դարձած հայ-թուրքական հարաբերություններ թեման` ասաց. «Կցանկանայի աջակցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման գործընթացին: Եթե կարողանայի որպես որոշակի կամուրջ ծառայել տարածաշրջանում խաղաղ իրավիճակի կայացմանը, ապա առավել քան երջանիկ կլինեի»:
Հայաստանյան ներկայացուցիչների թվում էին Արտաքին գործերի, Քաղաքաշինության, Գյուղատնտեսության, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները, « Հանուն կայուն մարդկային զարգացման ընկերակցության» նախագահ Կարինե Դանիելյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` որպես ծրագրի բարեկամ: Քննարկումը նպատակ ուներ նաև ներկայացնել բնապահպանության և շրջակա միջավայրի անվտանգությանն առնչվող առաջարկներ, որոնք իրագործման համար կարող էին շահել Կանադայի Կառավարության դրամաշնորհները: Օրինակ` Փրկարար ծառայությունից առաջարկեցին Ատոմակայանից տասը կիլոմետր շառավղով բնակվող քաղաքացիների հետ անցկացնել հատուկ դասընթացներ, որոնցով վերջիններս կտեղեկանան` ինչպես պաշտպանվել հնարավոր վտանգի ժամանակ: Այդ դասընթացները շատ կարևոր են, քանի որ Հայաստանում պլանավորվում է նոր ատոմակայանի կառուցում, որը գործելու է շուրջ 100 տարի:
Կ. Դանիելյանը բնապահպանության գործում կարևորեց բնակչության ներգրավվածությունը` հիշելով հասարակության բողոքները Սևանում պոչամբար կառուցելու դեմ, որոնք վերածվելով մեծ աղմուկի` կանխեցին Սևանի կործանումը:
Իր հերթին, Լարիսա Ալավերդյանը խոսեց ՀՀ բնապահպանությանն առնչվող օրենքներում առկա թերությունների և միջազգային չափանիշներին չհամապատասխանելու մասին, որի հետ համաձայնեցին ներկաները: Ապա անդրադառնալով Դեյվիդ Սվոլինի հայտարարությանն` ասաց.«Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության կայացման համար ամենաշահագրգիռ կողմը Հայաստանի Հանրապետությունն է»:
«Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնությունը ծրագրել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից ստեղծել մի խումբ, որը կուսումնասիրի տարածաշրջանի կլիմայական փոփոխությունները: Եթե նախկինում ադրբեջանական կողմը դեմ էր հայերի հետ անգամ կլիմայի փոփոխություններն ուսումնասիրող խմբում ներգրավվել, ապա այսօր արդեն երրորդ անգամ հաստատել է իր մասնակցության ցանկությունը:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ












