Գլխավոր » Լրահոս

Կարսի պայմանագիրը կարող է լինել պրոհայկական

Սեպտեմբեր 25, 2009թ. 10:00

Գիտությունների ազգային ակադեմիկայում սեպտեմբերի քսաներեքին անցկացվել է ընդհանուր ժողով, որը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Քննարկմանը ներկա են եղել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպմանը մասնակցել են շուրջ հարյուր հիսուն գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ: Զեկույցով հանդես է եկել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ակադեմիկոսներ Գևորգ Բրուտյանն ու Վիլեն Հակոբյանը, , ԳԱԱ թղթակից անդամներ Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Մելքոնյանը և Ալեքսանդր Մանասյանը: Ելույթ է ունեցել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

manasjanՉնայած այն հանգամանքին, որ լրագրողների համար քննարկումը փակ էր, այնուամենայնիվ, Ալեքսանդր Մանասյանը համաձայնեց մեզ ներկայացնել իր ելույթի բովանդակությունն և արձագանքները.

«Ես ներկայացրեցի, որ արձանագրությունում փաստորեն արծարծվում է Կարսի պայմանագրի հարցը, այսինքն` երկկողմ հարաբերությունների գործընթացը կապվել է Կարսի պայմանագրի հետ : Իմ ելույթում ես ասացի, որ դեռ տարիներ առաջ պետք է ստեղծվեր թեկուզ ժամանակավոր մի հանձնաժողով, որը կուսումնասիրեր և կվերլուծեր Կարսի պայմանագիրը: Սակայն այսօր անպատրաստ ենք գնում այդ բանակցություններին: Արձանագրությունները մի կողմից այս ձևով ընդունելի են, մյուս կողմից` կան վտանգավոր կետեր: Սակայն վտանգավոր կետերն էլ պայմանավորված են այն բանով, թե դրանք ինչպես կմեկնաբանվեն: Այլ կերպ ասած` վտանգը մեկնաբանման մեջ է»:

Իսկ այն հարցին, թե ինչ հետևանքներ կունենա վերջինիս ելույթը` Ա. Մանասյանն ասաց, որ գրքույկներ է նվիրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Գիտությունների Ազգային Ակադեմիային: Վերջում Ա. Մանասյանն ավելացրեց, որ ինքն այդքան վախեցած չէ Կարսի պայմանագրից և այն կարելի է դարձնել պրոհայկական, իսկ թե ինչպես` ասաց, որ առայժմ լուսաբանման համար չէ:

Musheghian1Իսկ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալբերտ Մուշեղյանը մեզ հետ զրույցում դժգոհեց ակադեմիայի անդամների հայ-թուրքական արձանագրություններին հավանություն տալուց. «Ես ոչ թե հավանություն եմ տալիս արձանագրություններին, այլ մնում եմ իմ կարծիքին` ոչ մի սահման չպետք է բացվի: Որովհետև մեր ազգային զգոնությունն այնպիսին է, որ չենք կարող թուրքական հորդաների առաջ կանգնել: Մենք ոչ մարդկային ռեսուրսներ ունենք, ոչ տնտեսական: Անգամ Սադախլուի սահմանը չենք կարողանում փակ պահել և միլիոնավոր դոլարների օգուտ ենք տալիս Թուրքիայի տնտեսությանն ու բանակին: Փակ սահմանը մեր փրկությունն է, ինչ կլինի, երբ բացվի սահմանը` թուրքերը զբաղեցրել են էլիտար բնակարաններն ու արդեն իսկ զգացվում է մեր երկրում նրանց վխտալու նախանշանները: Թուրքական ազգայնական կուսակցությունները միավորվել են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման դեմ, ինչը Թուրքիային շուրջ 50 տարով հետ շպրտեց»:

Հանդիպման վերջում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է հնչեցված հարցադրումներին և նշել, թե ՀՀ նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը սկսվել և վարվել է առանց նախապայմանների և այդ փոխըմբռնմամբ էլ կողմերը հանգել են փոխհամաձայնությունների, ոորնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում: Ինչպես նաև հավելել է, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման սկզբունքից որևէ հետ քայլ կարող է վտանգել ողջ գործընթացը:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`