ԼՂՀ ԱԳՆ նախարար Գեորգի Պետրոսյանի հարցազրույցը թուրքական NTV հեռուստաալիքի թղթակցին
Գեորգի Պետրոսյան. «Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի անկախությունը կճանաչվի»
-Վերջերս թուրք- հայկական հարաբերությունները թևակոխեցին նոր զարգացման փուլ և արձանագրություններ ստորագրվեցին: Ղարաբաղյան կողմն ինչպե՞ս է վերաբերվում այս գործընթացին:
– Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, որ այդ արձանագրություններն արդեն ստորագրվել են: Եկեք ավելի ճշգրիտ արտահայտվենք. նախնական պայմանավորվածության համաձայն, 6 շաբաթվա ընթացքում այդ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու երկրների խորհրդարաններին` վավերացման նպատակով: Եթե իմ տվյալները ճիշտ չեն, կարող եք ինձ առարկել: Մենք այդ գործընթացին բավական ուշադիր հետևում ենք, որովհետև այն երկիրը, որտեղ մենք ապրում ենք, պարտավոր է, ի վերջո, նմանատիպ զարգացումներին լուրջ հետևել, սակայն, միաժամանակ ուզում եմ ասել, որ հազիվ թե մենք փորձենք որևէ հարցում միջամտել Հայաստանի քաղաքացիների և իշխանությունների` ցանկացած որոշումներ կայացնելու գործընթացին: Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք չենք միջամտել ու չենք միջամտում Հայաստանի ներքին կյանքին, չնայած մենք հասկանում ենք, որ կան, ընդհանրապես, համահայկական հնչեղության խնդիրներ, որոնք հուզում են մեզ` կապված հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հետ:
-Այո, այդ արձանագրությունները ստորագրված չեն, բայց ամեն դեպքում, Թուրքիայում այսօր, երբ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների մասին` արձանագրությունների հետ կապված շարունակ Ղարաբաղի անունն է հնչեցվում, հակառակ այն բանին, որ Ղարաբաղը չկա այդ գործընթացների մեջ:
-Մենք կուզենայինք, որ նույն վերաբերմունքն ունենային Թուրքիան և Թուրքիայի պաշտոնյաները, որոնք անընդհատ հնչեցնում են, թե առանց Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, զարգացումներն անհնարին են:
Մենք կուզենայինք, որ այս երկու խնդիրները տարանջատվեին:
–Իսկ Դուք ինչ կարծիքի եք, ինչպե՞ս կլուծվի Ղարաբաղյան հիմնահարցը: Ադրբեջանի հետ` խնդրի լուծման առնչությամբ հանդիպում–քննարկում կունենա՞ք, թե՞ այս խնդիրը հնարավոր է լուծել միջազգային հարթության մեջ:
– Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և տարբեր հարցեր քննարկել, բայց, դժբախտաբար, Ադրբեջանն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է: Գուցե, հիմնավորումներ ունի, բայց, իմ կարծիքով, Ադրբեջանը` մեզ հետ անմիջական հարաբերություններից այդքան համառորեն հրաժարվելու հիմնավորում չունի:
Բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու` հազիվ թե կարգավորումը արդյունավետ ելք ունենա:
–Թերևս աշխարհում միակ օրինակն է` ունեք պետություն, որը ոչ մի կողմից ճանաչված չէ.ի՞նչ դժվարությունների առաջ եք հայտնվում, երբ նայում եք դեպի ապագա, ի՞նչ եք տեսնում, ի՞նչպես պետք է հասնեք ճանաչման գործընթացին:
-Նախ, միջազգային իրավունքի մեջ շատ հստակ նշված է, որ պետության քաղաքական կացությունը ամենևին պայմանավորված չէ տվյալ պահին վերջինիս ճանաչված լինել-չլինելու հետ: Երկրորդ. մենք` այս տարիների ընթացքում, փաստորեն, 1992 թվականից ի վեր, թե’ մեզ, և թե ուրիշներին ապացուցել ենք, որ կարող ենք պետականություն կառուցել և ունենք այդ ցանկությունը, դա մեր քաղաքականության հիմնական նպատակն է: Հետևապես, վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն իր լուծումն ստանալու է: Եթե դուք նկատել եք, մենք բավականին զուսպ ենք վերաբերվում մեր տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական տարբեր անցուդարձերին, մեզ թույլ չենք տալիս թշնամական քայլեր ձեռնարկել տեղեկատվական դաշտում և հուսով եմ, որ այն գնահատվում է միջազգային հանրության, նաև մեր հակառակորդի կողմից: Բացի այդ, հակամարտող մյուս կողմին ևս առաջարկում ենք վարվել նույնկերպ, ինչպես նաև այն բոլոր երկրներին, որոնք նման իրավիճակում փորձում են շահարկել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացն ու ծառայեցնել իրենց սեփական շահերին:
-Որպես Ղարաբաղի արտգործնախարար` ի՞նչ խորհուրդ կտաք Թուրքիային:
-Ես դժվարանում եմ ներկա պահին ինչ-որ խորհուրդ տալ: Սակայն, չմոռանանք, որ հայությունը և Թուրքիան ունեն բազմաթիվ խնդիրներ և բարդ հանգույցներ, որոնք այսօրվա վիճակում ազդում են մեր առօրյա կյանքի վրա: Ես կուզենայի, որ մերձեցման գործընթացը ոչ թե շահարկվի, այլ ժողովրդների միջև նույնպես լուրջ բանակցություններ, շփումներ իրականացվեն, որ կարողանանք ամեն մեկս հստակեցնել, ճշգրտել մեր դիրքորոշումներն ու հասկանալ իրար:
Այդ կնճռոտ կետերն, ընդհանրապես, վերաբերում են ոչ միայն հայությանը, Հայաստանին: Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ ասեմ, որ նորագույն պատմության շրջանում էր, երբ Ղարաբաղի ժողովուրդը քաղաքական հարց բարձրացրեց: Սկսած 1988 թվականից` փաստորեն Խորհրդային Միության փլուզման նախաշեմին, մենք` Ադրբեջանի տարածքում, կապված հայկական բնակչության հետ, ականատես եղանք շատ ծանոթ ու տխուր իրադարձությունների. կրքերը նորից բորբոքվեցին, վերքեր բացվեցին, ի՞ նչ էր դա, եթե ոչ` ցեղասպանության իրականացման նախապատրաստական քայլ: Հիմա հայտնվում են տարբեր մեկնաբանություններ այդ հարցերի շուրջ` պաշտոնական, մարդասիրական…: Դրանք այն խնդիրներն են, որ բավականին լուրջ ազդում են մարդկային հիշողությունների, ապագա քաղաքականության և երկրների միջև բնականոն հարաբերությունների հաստատման վրա: Պարզ փաստ է, որ այս տարածքից ոչ մեկը չի հեռանալու: Ուրեմն, հարկ է ընդհանուր եզրեր գտնել, որոնք պետք է հիմնվեն թե’ մարդկային իրավունքների վրա և թե, ընդհանրապես, ժողովրդի իրավունքի վրա. սա է ամենակարևորը: Եվ երկրորդ. մենք պարզորոշ նկատում ենք, որ Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաները բացահայտորեն երկու խնդիրները` Ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները, փորձում են իրար շաղկապել: Դա չի կարող նպաստել Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, որովհետեւ ակնհայտ է, որ Թուրքիան դարձել է սեփական խոստումների պատանդը, խոստումներ, որոնք ժամանակին տվել է Ադրբեջանին և այսօր էլ դրանք կատարում է: Սա շատ հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում: Ուզես, թե չուզես, Թուրքիան դառնում է շահագրգիռ կողմ: Սա նույնպես ընկալվում է որպես ճնշման ձև, բայց նման մեթոդները հազիվ թե դրական արդյունքներ ապահովեն:
–Շատ շնորհակալություն հարցազրույցի համար, ի՞նչ կուզենայիք ավելացնել:
-Այս պահին առանձնապես ավելացնելու շատ բան չկա: Թերևս այս օրերին դրվում է ապագա գործընթացների սկիզբը, երբ Ղարաբաղի պաշտոնյաները վաղ թե ուշ շփվելու, հարաբերվելու առիթներ կունենան ոչ միայն լրագրողների, այլև պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների հետ: Կարծում եմ, որ զուսպ և հանգիստ քաղաքական երկխոսությունն ու բանավեճը շատ ավելի արդյունավետ կարող են լինել:
Ավելացնեմ միայն այն, որ ժամանակն անշրջելի է, բայց հարկ է, որ կողմերից յուրաքանչյուրը համարձակություն ունենա` սթափ գնահատել իր անցյալը, իր պատմությունը, որպեսզի կարողանա կառուցել իր ապագան:












