Ադամ Շիֆը պահանջում է վերանայել ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշումը
Այս տարվա օգոստոսի վերջին ԱՄՆ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիա նահանգում 2000 թվականին ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջելու իրենց զոհված հարազատների ապահովագրական գումարները: Դաշնային դատարանը հայտարարել էր, որ օրենքը հակասում է ԱՄՆ պետական քաղաքականությանը:
ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը վերոհիշյալ օրենքի համահեղինակներից է, երեկ պահանջել է վերանայել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի` Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին վերաբերող վճիռը: Այդ մասին տեղեկացրել է կոնգրեսականի մամլո քարտուղար Շոն Օբլաքը: Ըստ նրա, Ադամ Շիֆը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ամերիկյան կառավարությունը երբեք չի խոչնդոտել նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բացի այդ, ո’չ Կոնգրեսը, ո’չ էլ գործադիր իշխանությունը երբեք դեմ չեն եղել, որ ցեղասպանության զոհերի ժառանգները ստանան իրավամբ իրենց հասանելիք գումարները:
ArmAr.am
Թեգեր` Ադամ Շիֆ, Դատարան, Կոնգրեսական, Վճիռ, ցեղասպանություն












