Շուշեցիներն անհամբերությամբ սպասում են կենարար հեղուկին
Արդեն սկսվել են Շուշի քաղաքի ջրամատակարարման շինարարական աշխատանքները: Դրանց ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով, այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանի և «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի նախագահ Երվանդ Զախարյանի ուղեկցությամբ այսօր Շուշիում էր:
Լիսագորից Զառիսլու ընկած տարածքում կան երեք աղբյուրներ, որոնք կոչվել են Թադևոսի ջրաղբյուրներ` ի պատիվ բարերար Թադևոսի, ով ժամանակին Շուշին ապահովել է ջրով: Մինչև այսօր էլ բարերարի կառուցած ջրագծի շնորհիվ է, որ ջուրը հասնում է Շուշի, սակայն, ընդամենը` երկու-երեք օրը մեկ, այն էլ մեկ ժամով:
Այնպես որ, քաղաքին վաղուց նոր ջրատար էր անհրաժեշտ: Ջուրը Շուշի կհասնի ինքնահոսով: Արդեն իսկ կատարված են 14 կմ երկարությամբ ջրագծի` 10 կմ հատվածի հողային աշխատանքները:
ԼՂՀ նախագահը` Շուշիի ջրամատակարարման ապահովումը քաղաքի վերակենդանացմանն ուղղված մյուս բոլոր աշխատանքների հիմնաքարն է համարում: «Հարկ է բոլոր ուժերը համախմբել այդ նպատակի իրագործման շուրջ»:
Նախատեսվում է մինչև նոյեմբերի վերջ ջուրը Շուշի հասցնել:
Իսկ քաղաքի ջրամատակարարման խնդիրն ամբողջությամբ լուծելու նպատակով` արդեն եկող տարի, նախատեսվում է վերակառուցել նաև քաղաքի ներքին ջրացանցը:
Ն.Հ.
Ստեփանակերտ












