Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանը ցանկանում է տեսնել եվրոպացի և ամերիկացի խաղարարարների

Օգոստոս 15, 2009թ. 16:03

«Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ խաղաղարարների կազմում չպետք է լինեն զինվորականներ` հարևան պետություններից: Մեր կարծիքով, լավ կլիներ, եթե խաղաղարար առաքելությունը կազմակերպվեր ԱՄՆ-ի եւ Եվրոպական պետությունների Զինված ուժերի ներկայացուցիչներից», – այդ մասին Turan-ին տրված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

Նրա կարծիքով, «օպտիմալ կլիներ խաղաղարարների տեղակայումը ԼՂ և հարակից շրջանների շփման գծում»: Ադրբեջանցի դիվանագետը խոսել է նաև ԼՂՀ հակամարտության կարգավորման` իրենց պատկերացումների մասին: Ըստ Մամեդովի. «Ադրբեջանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել. հայերը պետք է աստիճանաբար ազատեն Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները, իսկ հարկադրված վերաբնակիչները կվերադառնան հարազատ վայրեր: Դրանից հետո, անցումային շրջանում պետք է տեղի ունենա Լաչինի եւ Քելբաջարի շրջանների ազատագրումը և, միաժամանակ, Հայաստանի ու ԼՂ միջև միջանցքի կազմավորումը: Այդ գործընթացները պետք է ուղեկցվեն տարածքների ականազերծման եւ վերականագնողական աշխատանքներով: Այս ամենը կարող է տևել մինչեւ 5-ից 10 տարի»:

Շարունակելով միտքը Նովրուզ Մամեդովն ասել է, որ այնուհետև դրան պետք է հաջորդի, այսպես կոչված, <հարկադրված տեղահանվածների> վերադարձը Լեռնային Ղարաբաղ և խաղաղարար ուժերի տեղակայումը: «60 հազար ադրբեջանցիների վերադարձից եւ 1991 թվականի իրավիճակի վերականգնումից հետո, կարող է մշակվել ԼՂ իրավական կարգավիճակը: Այս ամենը կարող է տևել մինչեւ 10 տարի»,- ավելացրել է նա:

Ինչ վերաբերվում է ԼՂՀ կարգավիճակին, ապա ադրբեջանցու կարծիքով այն պետք է մշակվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Նշենք, որ Նովրուզ Մամեդովի բերանով հրապարակված Ադրբեջանի դիրքորոշումը բացառապես անընդունելի է հայկական կողմի համար: Լինելով պատերազմում պարտված կողմ` Ադրբեջանի Հանրապետությունը փորձում է քաղաքական շահարկումների միջոցով ձեռք բերել այն, ինչը երբեք իրեն չի պատկանել: Ընդ որում, խնդիրն իրենց օգտին լուծելու նպատակով ադրբեջանցիները պարզապես շրջանցում են դրա իրավական կողմը: Այս առումով միանգամայն արդարացված են ԼՂՀ ղեկավարության դժգոհություններն այն մասին, որ խեղաթյուրվել է ադրբեջանա-արցախյան հակամարտության բովանդակությունը:

Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս նշել է, որ ադրբեջանցիների նման դիրքորոշումն անհնար է դարձնում ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները: ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, քանի որ միայն Արցախի բնակչության կողմից ընտրված իշխանությունը կարող է որոշել ԼՂՀ ապագան:
Armar.am


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`