Մեր պապերը պարում էին ինչպես կռվի դաշտում
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 5-ին ժամը 19:00-ին արդեն երրորդ անգամ լեփ-լեցուն կլինի հանդիսատեսով, քանի որ այստեղ թնդալու է հայոց երգն ու պարը` «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ներկայացմամբ:
«Ներկայացման ռեժիսորը Արսեն Ղազարյանն է: Սա աշխարհում նախադեպը չունեցող ազգագրության թատրոնի ստեղծման մեր երրորդ փորձն է: Ըստ իս, մեր ազգային երգ ու պարն առանց թատերականացման բեմից ներկայացնելը շատ դժվար է: Սակայն հնարավոր չէ ռազմական պարը տախտակներով ծածկված բեմում նույն ոգևորությամբ պարել, քանի որ այդ նույն պարը իր պապը պարել է խրամատի կողքին` վառոդի հոտը շնչելով և դիմացը տեսնելով թուրքի հարձակումը: Ստեփան Պողոսյանը` Գևորգ Չաուշին ներկայացնող գրքում` պատկերելով այն ժամանակվա հայի ոգին` գրում է` նրանք կռվում էին պարելու պես և պարում էին կռվելու պես: Այս ամենը, բնականաբար, բեմի տախտակների վրա չի կարող տեղի ունենալ, դրա համար մենք փորձում ենք ստանալ թատերական մի վիճակ, որտեղ ստեղծված մթնոլորտը կօգնի երիտասարդին մտնել այդ հոգեվիճակի մեջ և ներկայացնել պարի ոգին»,- ասաց համույթի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը:
Ներկայացումը կոչվում է «Վարք Հայոց» և ստեղծված է Պարույր Սևակի «Եվ այր մի Մաշտոց անուն» պոեմի և Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատության հիման վրա:
Միջոցառման իրականացմանն աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Ա.Կ.












