Գրաբարով հետաքրքրվողները շատանում են
Գրաբարի գիտակները միշտ փաստում են, որ հին հայերենի իմացությունը ապահովում է աշխարհաբարի անթերի իմացություն:
«Ծիրանի» մշակութային հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 28-ից կազմակերպելու է գրաբարի դասընթացներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Սակայն «Ծիրանին» միակը չէ այս նախաձեռնությամբ: Հունիսին Արարատյան թեմի Սբ. Սարգիս եկեղեցու հովանու ներքո գործող «Հայ եկեղեցասեր երիտասարդաց միություն» կրթադաստիարակչական կենտրոնից Հասմիկ Եղիազարյանի նախաձեռնությամբ, կազամակերպվել էին գրաբարի դասընթացներ, որոնք, հանգստյան տարեշրջանով պայմանավորված` հետաձգվեցին: Սակայն ՀԵԵՄ-ի կազմակերպած դասընթացները միակը չեն, որ գործում են Սբ. Սարգսի հովանու ներքո: Տեր Շահե քահանա Հայրապետյանը ևս կազմակերպել էր նման դասընթացներ, որոնց մասնակցում էին հիմնականում եկեղեցուն մոտ կանգնած մարդիկ:
«Մեր դասընթացներն արդեն սկսվել էին, երբ իմացա Տեր Շահեի նախաձեռնության մասին, սակայն խումբն արդեն ձևավորված էր, և մի դասընթացը մյուսին չէր խանգարում: Բայց այս պահին գրաբարի ուսուցումը տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցված է»,- ասաց Հասմիկ Եղիազարյանը` հույս հայտնելով, որ դասընթացները կվերսկսվեն:
«Ծիրանի» ՀԿ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը փաստեց, որ գրաբարի դասընթացները հայ հասարակությանը եկեղեցուն մոտեցնելու և եկեղեցական լեզուն հանրության լայն շրջանակներին հասու դարձնելու նպատակ ունեն. «Գրաբարի նախնական երկու խումբ ենք ծրագրել, սակայն եթե դիմումները շատ լինեն, կբացենք նաև երրորդը: Խմբերից մեկում դասավանդելու է Թոմ Սամվելյանը, մյուսում` Հայր Գարեգին Համբարձումյանը: Դասընթացները միանգամից տեսական չեն լինելու, այլ սկզբնական փուլում զբաղվելու ենք տեքստերի վերլուծությամբ: Այն կլինի շաբաթական մեկ օր` երկու ժամով` մինչև հոկտեմբերի 30-ը: Գրաբարի ուսուցման համար բավական է հայերենին տիրապետելը: Դասընթացներն անվճար են և թարգմանչաց վաստակը արժևորելու քարոզարշավի շրջանակներում են»:
Չի բացառվում, որ նման նախաձեռնությունների և դրանցով հետաքրքրվողների թվի մեծացմամբ սկսվի գրաբարի նոր «ոսկե դարը»:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ
Թեգեր` Գրաբար












