Հայերն այս հողում իրենց խորը արմատներն ունեն
Նա իր երաժշտությամբ ցնցեց Ստամբուլը:
Սեպտեմբերի 26-ին Ստամբուլի «Hagia Eirene» թանգարանում ամերիկահայ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Արա Դինքջյանի` «Արմատներ և ճյուղեր» խորագրով բարեգործական համերգը թուրք երաժիշտ Էրդալ Աքքայի հետ` մեծ հաջողություն է ունեցել:
Թուրքիայի մշակութային գործիչները ընդունել են, որ հայազգի արվեստագետն իր երաժշտության հնչյուններով ցնցել է թուրք հասարակությանը: Համերգին ներկա գտնվող Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն էլ շեշտել է, որ Դինքջյանի երաժշտությունը հիասքանչ է, այն չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին: Համերգի կազմակերպիչները հայտարարել են, թե Դինքջյանը իր երաժշտությամբ ապացուցել է, որ տարբերություն չկա լեզվի, կրոնի և ազգային պատկանելության մեջ, հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսությունը և բարեկամությունը խորը արմատներ ունեն:
Աշխարհի 13 լեզուներով երգող Արա Դինքջյանը, ով այսօր համարվում է ուդի վրա նվագող ամենահայտնի երաժիշտներից մեկը, համերգից հետո խոստովանել է, որ երգացանկը հատուկ ընտրված է եղել: Համերգի նպատակն էր ցույց տալ, որ « Հայերն այս հողում իրենց խորը արմատներն ունեն»:
Արա Դինքջյանի ընտանիքի արմատները Դիարբեքիրից են. երկար մաքառումներից հետո նրանք բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում:
Ք.Մ.












