ՀՀ ԱԳ նախարարի Նյու Յորքյան հանդիպումները շարունակվում են
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Նյու-Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները քննարկեցին կազմակերպության օրակարգային մի շարք հարցեր. մասնավորապես` ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում արտաքին քաղաքական գործունեության համադրման, եվրոպական և միջազգային անվտանգության, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգային խնդիրներ:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Կանադայի և Իրանի արտգործնախարարների հետ:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ջերմ և անմիջական հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովին տեղեկացրեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի մանրամասներին:
Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչի և Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց վերջին շրջանում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման կապակցությամբ, որը նշանավորվեց ՀՀ նախագահի հրավերով Սերբիայի նախագահի Երևան կատարած պաշտոնական այցով:
Էդվարդ Նալբանդյանն իր սերբ գործընկերոջը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները: Վուկ Յերեմիչը, շնորհակալություն հայտնելով Կոսովոյի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշման համար, ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարանում Կոսովոյի հարցի քննարկման ընթացքը և սերբական կողմի ակնկալիքները: Վուկ Յերեմիչը վերահաստատեց Էդվարդ Նալբանդյանին Բելգրադ այցելելու հրավերը:
Ղազախստանի նորանշանակ արտգործնախարար Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան բարեկամ Ղազախստանի դիվանագիտության ղեկավար նշանակվելու կապակցությամբ և հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը` օժանդակելու ԵԱՀԿ-ում հաջորդ տարի Ղազախստանի նախագահությանը:
Նախարարներ Նալբանդյանն ու Սաուդաբաևը հանգամանալից քննարկեցին
հայ-ղազախական համագործակցության զարգացման ուղիները, միջազգային կազմակերպություններում աշխատանքների համադրմանը և ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանի` Ավստրիայի արտգործնախարար Շպինդել Էգեռի հետ հանդիպմանը քննարկեցին երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները և այդ շրջանակներում երկու երկրների գործակցության հնարավորությունները: Նախարար Էգեռի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և դրա հեռանկարները, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի բանակցությունների վերջին զարգացումները:
Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության խթանմանն ուղղված գործնական քայլերի և ուղիների վերաբերյալ շահագրգիռ քննարկում ծավալվեց Ավստրալիայի արտգործնախարար Ստեֆեն Սմիթի հետ հանդիպմանը: Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային հարաբերությունների արդի խնդիրների մի շարք հարցերի շուրջ և քննարկեցին ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության սերտացման հնարավորությունը: Նախարար Սմիթը կարևորեց ավստրալահայ համայնքի ներդրումը երկրի կենսագործունեության տարբեր բնագավառներում` նշելով, որ այն կարող է յուրատեսակ կամուրջ լինել Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության ընդլայնման համար: Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր ավստրալացի գործընկերոջը հրավիրեց այցելել Երևան:
Կանադայի արտաքին գործերի նախարար Լորենս Քաննոնի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հետ առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց նաև Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և տարածաշրջանային զարգացումները:
Իրանի արտգործնախարարի խնդրանքով` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Իրանի ԱԳ նախարարը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրեց Իրանի միջուկային ծրագրի հետ կապված վերջին զարգացումների մասին:
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար
Միշլին Կալմի-Ռեյի հետ բանակցությունների ընթացքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ երկու երկրների միջև համագործակցության ոլորտների ընդլայնման հարցերին` նշելով, որ այդ գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ Երևանում բացված Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության գրասենյակը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց իր շվեյցարացի գործընկերոջը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու համար:
ArmAr.am
Թեգեր` Ավստրալիայի ԱԳ նախարար Ստեֆեն Սմիթ, Ավստրիայի արտգործնախարար Շպինդել Էգեռ, Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքի, Կանադայի ԱԳ նախարար Լորենս Քաննոն, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, Ղազախստանի նորանշանակ ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաև, Նյու-Յորք, Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի, Սերբիայի ԱԳ նախարար` Վուկ Յերեմիչ, Սերգեյ Լավրով












