Գլխավոր » Լրահոս

«Մերաբիշվիլու հայտարարությունը կարելի է գնահատել որպես ցինիզմ»

Սեպտեմբեր 28, 2009թ. 12:58

«Երկիր» միությունը դատապարտում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վ.Մերաբիշվիլու սեպտեմբերի 24-ին Ախալքալաքում արած հայտարարությունը:

«Վրացական լրատվամիջոցների փոխանացմամբ` 2009թ. սեպտեմբերի 24-ին Վրաստանի կառավարության անդամների Ախալքալաք կատարած այցի շրջանակում ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է հետևյալը. «Մենք ծանոթացել ենք այստեղ քրեածին իրավիճակին և ուզում եմ ասել, որ Սամցխե-Ջավախքում հանցագործությունների թիվը նվազել է: Կան ոստիկանության աշխատանքից դժգոհ մարդիկ, քանի որ նրանց ընտանիքի անդամները կալանավորված են: Հուսով եմ, որ երկրամասում հանցագործությունների թիվը է’լ ավելի կնվազի»:

Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի` խայտառակ օրինախատումներով ուղեկցվող դատավարության, նրա բարեկամների և համախոհների նկատմամբ ոստիկանական հալածանքների պայմաններում` պրն. Մերաբիշվիլու կողմից նման հայտարություն հնչեցման փաստը կարելի է գնահատել որպես ցինիզմ:

Այս հայտարարությամբ վրացական իշխանությունները ևս մեկ անգամ վերահաստատում են հայ քաղաքական ակտիվիստներին շինծու մեղադրանքներ առաջադրելու և վախի մթնոլորտ սերմանելու միջոցով երկրի հայ փոքրամասնության արդար պահանջատիրության «չեզոքացման» քաղաքականությունը շարունակելու իրենց վճռականությունը:

Վրացահայության խնդիրների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արված հայտարարության, միջազգային կառույցների կողմից Վահագն Չախալյանի դատավարության և էթնիկական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող կացության նկատմամբ հետզհետե աճող հետաքրքրության պայմաններում` վրացական իշխանությունների կողմից իրականացվող «ոստիկանական հալածանքների» քաղաքականությունն այլևս սպառել է իրեն:

«Երկիր» միությունը կոչ է անում վրացական իշխանություններին դադարեցնել հետապնդումները, ազատ արձակել Վահագն Չախալյանին և քայլեր ձեռնարկել` ուղղված կառուցողական երկխոսություն ծավալելու միջոցով հայ փոքրամասնության առջև ծառացած լեզվակրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը», – ասված է միության տարածած հայտարարությունում:

ArmAr.am



Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`