Ռուսաստանը կարող է կորցնել իր իրական դաշնակիցներին
Այսօր Նյու Յորքում տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքնարկվի Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:
Վերջին շրջանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և Փիթսբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում այս թեման գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում, հետևապես այն հայտնվեց համաշխարհային քաղաքական գործընթացների առանցքում: Արևմուտքը, գլխավորապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարությամբ, պահանջում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, եթե պաշտոնական Թեհրանը համոզիչ փաստարկներ չներկայացնի այն փաստի կապակցությամբ, որ Իրանի միջուկային ծրագրի իրականացումը բացառապես խաղաղասիրական նպատակներ է հետապնդում և չի ենթադրում ատոմային զենքի պատրաստում:
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր խոսքում ոչինչ չի ասել իր երկրի միջուկային ծրագրի մասին: Նա գլխավորապես խոսել է համաշխարհային քաղաքական գործընթացների շուրջ` հայտարարելով, որ կապիտալիզմն արդեն հասել է իր փառքի գագաթնակետին և շուտով կարժանանա մարքսիզմի ճակատագրին: Բացի այդ, Ահմադինեժադն ասել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել բոլոր երկրների համար խաղաղության ամուր համակարգի ստեղծմանը` նշելով, որ իր երկիրը դրա համար օրինական իրավունք ունի:
Սակայն Ահմադինեժադի այս խաղաղասիրական դիրքորոշումը նույնպես մեծ քննադատությունների առիթ հանդիսացավ: Իրանի նախագահի ելույթի ժամանակ դահլիճը ցուցադրաբար լքեցին ԱՄՆ-ի, ԵՄ մի շարք երկրների և Իսրաելի պատվիրակությունները: Իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ եթե մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսն Իրանի միջուկային ծրագրի շուրջ վարվող բանակցություններն հաջողությամբ չպսակվեն, ապա այդ երկրի հանդեպ նոր արգելքներ պետք է կիրառել: Հատկանշական է, որ Արևմտյան երկրների այդպիսի դիրքորոշումն այս անգամ արժանացավ նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի աջակցությանը: «Սահմանափակումները սովորաբար արդյունավետ չեն լինում, բայց որոշ իրավիճակներում դրանք անխուսափելի են», – ասել է Ռուսաստանի նախագահը:
Իրանի հանդեպ Ռուսաստանի քաղաքական դիրքորոշման փոփոխությունները միջազգային վերլուծաբանները պայամանավորում են բացառապես Օբամայի վարչակազմի կողմից` Արևելյան Եվրոպայում հակահրթիռային կայաններ տեղադրելու մտադրության հրաժարմամբ: Պաշտոնական Վաշինգթոնի այդ քայլն ամբողջությամբ արտացոլում է Ռուսաստանի հետ` դեռևս հունվարին ձեռքբերված պայմանավորվածությունների տրամաբանությանը: Հարկ է հիշեցնել, որ դեռևս ութ ամիս առաջ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել են, որ Մեդվեդևին ուղղված նամակում Բարաք Օբաման գրել էր, թե ԱՄՆ-ն կհրաժարվի Լեհաստանում և Չեխիայում հակահրթիռային կայաններ տեղադրելու գաղափարից, եթե Ռուսաստանը Իրանի միջուկային ծրագերի դեմ` օժանդակի Արևմուտքին:
Այսօր, ի շնորհիվ Արևմուտքի գործադրած ջանքերի, Ռուսաստանն ու Իրանը` Արևմուտքի քաղաքականության ընդդիմադիր երկու կարևորագույն ուժերը, հայտնվել են հակամարտող տարբեր ճամբարներում: Ավելին` Իրանի միջուկային ծրագրի հետ կապված Ռուսաստանը լուրջ խնդիրներ կարող է ունենալ նաև Արևմուտքի երկրորդ գլխավոր ախոյանի` Չինաստանի հետ, որի արտգործնախարարն արդեն հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Իրանի հանդեպ սահմանափակումներ կիրառելու առաջարկին: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանը վտանգի տակ է դրել բնական դաշնակիցների հետ իր հարաբերությունների հեռանկարը: Մի բան, որին երկար ժամանակ ձգտում էր ամերիկյան դիվանագիտությունը:
Հետաքրքրական է այն փաստը, որ այս ռազմավարական կարևորագույն խնդրի լուծմանն ամերիկյան կողմը կարողացել է հասնել բավական պարզ մարտավարությամբ: Սպիտակ տունը, պարզապես, քաղաքական գործոն է դարձրել Արևելյան Եվրոպայում հակահրթիռային կայաններ տեղադրելու իր ցանկությունը և, շահարկելով այդ հանգամանքը, Ռուսաստանին ստիպել գնալ իր իսկ շահերին վնասող քայլերի: Ամերիկացիները, պարզապես, առևտուր են սկսել ռուսների հետ, արդյունքում` բավական շոշափելի արդյունքների դիմաց զիջելով ընդամենն իրենց կեղծ ցանկությունները: Եվ եթե Ռուսաստանն իսկապես մասնակցի Իրանի դեմ սահմանափակումներ կիրառելու գործընթացին, ապա նա հետագայում այլևս չի կարողանա ընդդիմանալ Իրանի դեմ Արևմուտքի հնարավոր ռազմական ագրեսիային, ինչը Ռուսաստանին կզրկի Իրանի միջոցով տաք ծովեր դուրս գալու հերթական հնարավորությունից:
Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչպիսի «խաղերի» մեջ է ներքաշվել պաշտոնական Մոսկվան: Եվ մեծ հավանականություն կա, թե Ռուսաստանի ղեկավարներն, այնուամենայնիվ, հետ կկանգնեն Իրանի վրա ճնշումներ գործադրելու նոր նախաձեռնությունից: Թե որքանո՞վ է Ռուսաստանի քաղաքականությունը փոխվել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, պարզ կդառնա երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների այսօրվա հանդիպումից: Սակայն մի բան արդեն իսկ ակնհայտ է. Ռուսաստանի ղեկավարությունը` Արևմուտքի հետ պայքարում կորցրեց Իրանի հետ միևնույն դիրքից հանդես գալու հնարավորությունն ու իրանական կողմի վստահությունը նորից ձեռք բերելու համար անհրաժեշտ է այդ նպատակին ուղղված երկարատև և հետևողական քաղաքականություն իրականացնել:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Թեգեր` Ահմադինեժադ, ԱՄՆ, Իրան, ՄԱԿ, Ռուսաստան, Սահմանափակումներ, Քաղաքականություն












