Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Ժնևյան բանակցություններից սպասելիքները մեծ չեն

Սեպտեմբեր 28, 2009թ. 17:15

MOAՀոկտեմբերի 1-ին Ժնևում 5+1-ի խմբի (ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա գումարած Գերմանիա) և Իրանի ներկայացուցիչների միջև տեղ են ունենալու Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հերթական բանակցությունները:

Սա այն դեպքում, երբ սեպտեմբերի 21-ին Իրանը պաշտոնապես ՄԱԳԱԹԷ-ին (IAEA) հայտնել է  այդ երկրում ուրանի հարստացման 2-րդ կենտրոնի կառուցման մասին: Միաժամանակ, ՄԱԳԱԹԷ-ի գլխավոր տնօրենին հասցեագրված նամակում մեկ անգամ ևս շեշտվել է, որ Իրանի միջուկային ծրագրերը միմիայն խաղաղասիրական են: Մինչդեռ արևմտյան տերությունները, և հատկապես Իսրայելը այդ երկրին մեղադրում են միջուկային զենք արտադրելու նպատակներ հետապնդելու մեջ: Ահա թե ինչու, այդ տեղեկությունը խիստ հակազդեցություն ունեցավ 5+1-ի խմբի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում Ռուսաստանում ու Չինաստանում, որոնք ՄԱԿ-ում հանդես են գալիս Իրանի դեմ առավել խիստ սահմանափակումների կիրառմանը դեմ:

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Մեդվեդևը, սեպտեմբերի 25-ին հանդես գալով հայտարարությամբ, շեշտել է, որ ուրանի հաստացման նոր կենտրոնի կառուցումը հակասում է ՄԱԿի ընդունած բանաձևերին` Թեհրանից պահանջելով, որ ապացուցի դրա նպատակների խաղաղասիրական լինելը: Նա ՄԱԳԱԹԷ-ից պահանջել է ստուգել Իրանի այդ պնդումները (www.dw.world.de, 26 սեպտեմբերի, 2009թ.):

Ըստ նույն աղբյուրի, Չինաստանն Իրանին կոչ է արել համագործակցել IAEA-ի հետ, իսկ այդ երկրի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ժնևյան բանակցություններն արդյունավետ կլինեն: Հատկանշական է, որ վերջիններիս այդօրինակ դիրքորոշումները, CNN հեռուստատեսության գնահատմամբ, նախագահ Բարաք Օբամայի` Իրանի նկատմամբ իրագործվող ռազմավարության առաջին ձեռքբերումներն են:

Ի պատասխան այդ արձագանքների` Իրանի միջուկային էներգետիկայի ձեռնարկության տնօրեն Ալի Աքբար Սալեհին սեպտեմբերի 25-ին հրապարակել է հայտարարություն, որտեղ ընդգծվում է, որ խնդրո առարկա` նոր կենտրոնի կառուցումը, ամբողջությամբ ՄԱԳԱԹԷի օրենքների շրջանակներում է և միջուկային էներգիան խաղաղասիրական նպատակներով օգտագործելու Իրանի իրավունքը: Միաժամանակ, նա Իրանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է, որ նոր կենտրոնում ստուգումներ իրականացնելու առնչությամբ IAEA-ի հետ համաձայնության են եկել:

Բացի այդ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի շրջանակներում հայտնել է, թե նոր կենտրոնում ստուգումներ իրականացնելու հարցում որևէ խնդիր չի լինելու: Միացյալ Նահանգները ողջունել է պաշտոնական Թեհրանի այդօրինակ դիրքորոշումը, ինչի մասին սեպտեմբերի 26-ին ընդգծել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` նշելով, որ ԱՄՆ-ն միշտ էլ  բարձր է գնահատել  միջազգային օրենքներին ու կանոններին հետևելու Իրանի պատրաստակամությունը (www.BBCPersian.com, 26 սեպտեմբերի 2009թ.):

Չպետք է լուրջ ակնկալիքներ ունենալ առաջիկա բանակցություններից, որտեղ  5+1-ն Իրանից պահաջելու է դադարեցնել ուրանի հարստացման գործընթացը` ստանալով որոշ արտոնություններ, այդ թվում` միջուկային էներգիայի «թեթև ջրի» ռեակտոր: Մինչդեռ Իրանը պատրաստվում է 20 տոկոսով հարստացված ուրան գնելու առաջարկ ներկայացնել նրանց` միաժամանակ հայտարարելով, որ ուրանի հարստացման ծրագրերը բանկացությունների քննարկման առարկա չեն կարող դառնալ և Թեհրանը պատրաստ է պատասխանել Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ ծագած  հարցերին:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ


Թեգեր` , , , , , ,

Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`