Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի համար ընդունելի չեն»

Օգոստոս 15, 2009թ. 17:56

Հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

– Պարոն Մելիքյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աշնանը ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

– Հատուկ զարգացումներ չեմ կարծում, որ կլինեն` հաշվի առնելով, որ պետք է լինի համանախագահների փոփոխություն, նոր մարդիկ են ընդգրկվելու, որոնց ժամանակ է անհրաժեշտ իրավիճակին ծանոթանալու համար: Եվ, առհասարակ, այս պահին ես առաջխաղացման որևէ հեռանկար չեմ տեսնում:
Զարգացումներ կարող են լինել, երբ առաջին հերթին Հայաստանը գիտակցի, որ պետք է փոխի քաղաքական շեշտադրումները: Հայաստանի կեցվածքից կբխի նաև համանախագահների կեցվածքի փոփոխությունը, ինչը կհանգեցնի բանակցային օրակարգի և բովանդակային, և տրամաբանության արմատական փոփոխմանը: Այդ դեպքում կլինեն նաև առաջխաղացումներ բանակցային գործընթացում, և խնդիրները կքննարկվեն ըստ էության, այլ ոչ թե կողմերից մեկնումեկի բացառիկ շահերի պաշտպանության տեսանկյունից:

– Ի՞նչ ասել է Մադրիդյան նորացված սկզբունքներ, ինչի մասին հայտարարում են համանախագահները:

– Իրենք երևի թե ավելի լավ կկարողանան բացատրել` ինչ բան է «նորացված սկզբունքները»: Ես տեղյակ եմ արդեն հրապարակվածին և կարող եմ ասել` այդ սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման գործընթացն անիրագործելի է: Այլ հարց է, որ եթե նախկինում խոսվում էր բացարձակապես Ադրբեջանի փախստականների և ներքին տեղաշարժված անձանց մասին, սկզբունքների հրապարակված տարբերակում խոսվում է փախստականների իրավունքների պաշտպանության մասին ընդհանրապես, ինչը ենթադրում է նաև հայ փախստականների շահերի և իրավունքների հաշվառում: Եթե հայ փախստականների շահերի հաշվառման և իրավունքների պաշտպանության դրույթը ներառված է, ապա ակնհայտ է դառնում, որ այդ սկզբունքների հիման վրա երկարաժամկետ խաղաղություն հաստատել հնարավոր չէ: Պարզապես, պետք է վերանայել բանակցային գործընթացի տրամաբանությունը և նոր հիմքեր ստեղծել բանակցությունները շարունակելու համար: Դա և համանախագահներն են լավ գիտակցում, և ադրբեջանական կողմը, որ արդեն իր անհանգստությունն է արտահայտել հայ փախստականների խնդրի հետ կապված, և Հայկական կողմը, որ արդեն իսկ սկսել է այդ հարցն արծարծել:

– Փաստորեն, Ձեր կարծիքով, Մադրիդյան սկզբունքներում հայկական կողմերի համար նպաստավոր դրույթ չկա՞:

– Մադրիդյան սկզբունքները Արցախյան հարցի կարգավորման որեւէ նախադրյալ չեն ստեղծում: Բայց հրապարակված սկզբուքներում փախստականներին վերաբերող դրույթն ասում է, որ նախկին տրամաբանությունն այլևս չի գործելու, և պետք է նոր բանակցային հիմքեր ստեղծել: Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի համար ընդունելի չեն կարող լինել:

– Ըստ Ձեզ, համանախագահները իրենց մանդատի շրջանակներում ե՞ն գործո՞ւմ:

– Համանախագահները գործում են այնպես, ինչպես գործում են: Եթե բանակցություններին մասնակից կողմերը այդ գործողությունները որևէ կերպ չեն վիճարկում կամ իրենք նախաձեռնություններով հանդես չեն գալիս, ուրեմն իրավիճակը բոլորին բավարարում է:

Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`