Գլխավոր » Հարցազրույցներ, Ջավախք

Եթե Սահակաշվիլին խոստովանում է` ուրեմն իրոք անզոր է

Օգոստոս 15, 2009թ. 20:01

untitled

Մեր հյուրն է Հայաստանում վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր հայր ԱԼԵՔՍԱՆԴՐԸ

— Վրաստանում այսօր հիմնահատակ քանդվում կամ վրացացվում են հայոց եկեղեցիները, ոչնչացվում հայկական խաչքարերը, տապանաքարերից ջնջվում են հայատառ արձանագրությունները: Տեր հայր, ինչո՞վ կբացատրեք վրաց հոգևորականության կողմից հայ ժողովրդի մշակութային արժեքների անխնա ոչնչացման այս մոլուցքը:

— Քանի որ ես անձամբ չեմ տեսել, թե Վրաստանում ինչ է կատարվում հայկական հուշարձանների նկատմամբ` ոչինչ ասել չեմ կարող:

— Բայց վերաբերմունք կարող եք, չէ՞, արտահայտել: Արդյո՞ք ի կատար չի ածվում վրաց Իլյա Բ կաթողիկոսի հրահանգը: Նա հայտարարել էր, թե Վրաստանի տարածքի բոլոր հուշարձանները, մասնավորապես կրոնականները, վրաց պետության ու եկեղեցու սեփականությունն են, որ վրացական Սիոնի հարևանությամբ չեն կարող հանդուրժվել հայոց եկեղեցիների գոյությունը:

— Ձեր հարցին կպատասխանեմ Կտակարանում ասված մտքով` քո խոսքերից կդատապարտվես, կամ քո խոսքերով կփրկվես: Քրիստոսն ասում է` կույրը չի կարող լույս տեսնել: Այսքանը կարող եմ ասել:

— Տեր հայր, հայկական և վրացական եկեղեցիները ճարտարապետական լուծումներով այնքան են նման, որ հնարավոր չէ տարբերե՞լ:

— Նմանություն կա, սակայն երկու եկեղեցիներն ակնհայտորեն տարբերվում են:

— Բայց դա չխանգարեց, որ 1995-ին վրաց հոգևորականությունը փակեր Թբիլիսիի Նորաշեն եկեղեցին` պատճառաբանելով, թե իրենց պատմաբանները պետք է որոշեն եկեղեցու ծագումը: Մինչդեռ այդ ընթացքում պատերից քերվեցին հայկական արձանագրությունները, Հովնաթանյանների որմնանկարները, և այսօր փորձ է արվում այն վերջնականապես հայտարարել վրացական:

— Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններն ինձ հայտնի են: Հայաստանում շատ է խոսվում հայր Տարիելի մասին, թե նա քանդում է հայոց եկեղեցիները, մասնավորապես, թե Նորաշենում քարերից հայկական արձանագրություններն է քերել-հանել: Վերջերս այդ հարցի շուրջ զրուցեցի վրաց հոգևորականներից մեկի հետ, նա ասաց, որ հայր Տարիելը ոչ թե քանդել է, այլ մաքրել եկեղեցու տարածքը, ոչնչի ձեռք չտալով` ընդամենը պարսպապատել է ու տիրություն է անում եկեղեցուն:  

— «Տիրություն անել» նշանակում է եկեղեցու հայկական հետքը վերացնե՞լ:

— Այս խնդրի վերաբերյալ իմ կարծիքն այսպիսին է. եթե տան տերն իր տանը չի բնակվում` անպայման կհայտնվի մեկ ուրիշն ու կցանկանա այնտեղ բնակություն հաստատել: Հայերը պետք է տիրություն անեն իրենց մշակութային արժեքներին: Յուրաքանչյուր տարի հայոց ճեմարանն ավարտում են 50-ից ավելի սաներ: Սբ Էջմիածինը պետք է իր սաներին` հոգևոր ծառայություններ իրականացնելու նպատակով ուղարկի Վրաստան: Հիշում եմ, երբ 2003ին Իլյա Բ-ն ժամանեց Սուրբ Էջմիածին` ճեպազրույցի ժամանակ Եզնիկ եպիսկոպոսը Վրաստանի հայկական եկեղեցիների առնչությամբ ասաց հետևյալը` նրանց պահպանության խնդիրը մերն է, հայոց թեմը պետք է վերականգնի ու պահպանի դրանք: Բայց չի արվում: Վերջերս մի ցավալի լուր էլ լսեցի. չգտնվեց մի հայ բարերար, որպեսզի 25000 դոլար հատկացներ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան բնակարանը գնելու համար: Գոնե Հայաստանի իշխանությունները կազմակերպեին մեծ գրողի տունը պահպանելու գործը, չէ՞ որ այն հայկական պատմամշակութային հարստություն է: Հայերը չկարողանալով լուծել իրենց խնդիրները` հաճախ սկսում են ուրիշներին մեղադրել: Իսկ Աստվածաշունչը սովորեցնում է, որ յուրաքանչյուր ոք իր սխալների համար միայն իրեն պետք է մեղադրի, ոչ թե դիմացինին: Հայաստանը պետք է տեր կանգնի իր ազգային ունեցվածքին: Եթե դու քո տանը տեր չես կանգնում, անցնում են տարիներ` հայտնվում է մեկ ուրիշն ու հայտարարում իր տեր լինելու մասին: Իհարկե շատ վատ բաներ են տեղի ունենում Վրաստանում, բայց թող հայաստանցի գործարարները կարողանան գումարներ հատկացնել ու բարի գործ անել ազգի համար` վերականգնել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները: Երբ գնացել էի Թբիլիսի` ցավով նկատեցի Հավլաբարի հայկական եկեղեցու անմխիթար վիճակը` գմբեթի մոտ հսկա ճաքեր էին առաջացել, բայց տիրություն անող չկա: Եկեղեցին գործող է, ուր սուրբ պատարագ է մատուցվում, բայց հայկական թեմը չի մտածում այն վերանորոգելու մասին:

— Դուք մեղադրում եք հայոց թեմին` տեր չկանգնելու համար և արդարացնում վրացական կողմի վանդալի՞զմը: Երկար տարիներ ապրում եք Հայաստանում, երբևէ լսե՞լ եք, որ հայը նմանկերպ վարվի օտարի մշակութային արժեքների հետ:

— Չէ, չէ, նման բան երբևէ չի եղել, հայը չի քանդում: Ընդհանրապես հայ ազգը մեծ սիրով է վերաբերվում օտարների մշակութային արժեքներին: Դրա վառ ապացույցն է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի պարսկական մզկիթի գործարկումը, որը Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ իրականացվեց: Նորագավիթում գտնվող այս եկեղեցին էլ, որն այսօր համարվում է վրացական, ուր մենք հոգևոր ծառայություններ ենք իրականացնում` հայկական միջնադարյան կառույց է և պատկանում է Արարատյան թեմին, բայց արդեն 20 տարի է` ինչ Սուրբ Էջմիածինը այն սիրով տրամադրել է վրաց եկեղեցուն: Այդ քայլը Սուրբ Էջմիածինի սիրո վկայությունն է վրաց թեմի ու առհասարակ ազգային փոքրամասնություների եկեղեցիների նկատմամբ:

— Ի հակադրություն` Վրաստանում ոչ միայն հայոց եկեղեցիներն են քանդվում, այլև նրանց կից հիմնված հայկական գերեզմանատները: Այդպես հիմնահատակ ավերվեց հայոց ազնվական դասի գերեզմանատունը, ուր հանգչում էին Վրաստանի հայ քաղաքապետների աճյունները: Իսկ Խոջիվանքի հայոց եկեղեցու շուրջն ամփոփված հայոց Բեյբության իշխանական տոհմի գերեզմանոցը վերածվեց քարհանքի: Սա քրիստոնյային վայե՞լ արարք է:

— Դե գիտեք, վաղ թե ուշ` գերեզմանները քանդվում ու վերանում են, այդպես է ամբողջ աշխարհում: Եթե հարցնեք, թե որտեղ է Մակեդոնացու գերեզմանը, ոչ ոք չի կարող ասել: Ինչ վերաբերում է հայկական գերեզմանների վերացմանը, եթե դա համարում եք վրաց հոգևորականների կողմից կատարված բարբարոսություն, ապա նման ցավալի փաստերից խուսափելու համար ճիշտ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները բոլոր հայոց մեծերի աճյունները տեղափոխեն ու վերաթաղեն հայրենիքում:

— Հայ ժողովրդի զավակներն աշխարհի տարբեր վայրերում ապրելով` հերոսացման արժանի բազմաթիվ գործեր են կատարել և գնահատվել հենց տեղի ժողովուրդների կողմից: Տվյալ դեպքում 45 հայ քաղաքապետերը Թիֆլիսն են շենացրել` ո՞ւր մնաց վրաց ազգի երախտագիտության զգացումը:

— Ցավալի փաստ եք ասում, իրոք, մարդու գերեզմանը ոչ ոք իրավունք չունի ավերել, հանգուցյալները պետք է ամփոփված մնան իրենց գերեզմաններում` մինչև Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը: Ու եթե վրաց որոշ հոգևորականներ դիմել են այդ քայլին, իրոք մտահոգիչ փաստ է: Յուրաքանչյուր մարդ Աստծո առաջ պատասխանատու է ի°ր քայլերի համար: Եվ ես չեմ կարող վատ գործեր արած քրիստոնյայի անունից պատասխան տալ:

— Ի դեպ վրացիները մի լեգենդ ունեն Հայոս (հայ) ու Քարթլոս (վրացի) եղբայրների մասին: Պատմաբան Սամվել Կարապետյանը մեր թերթի միջոցով հարց է ուղղում վրաց հոգևորականներին` քրիստոնյա եղբայրը եղբոր գերեզմանը կավերի՞:

— Պատասխանեմ` հիշեցնելով մի հատված Աստվածաշնչից. Կայենն էլ Աբելի եղբայրն էր, բայց սպանեց նրան: Դա մարդկային թուլություն է, մենք էլ մարդ ենք, բայց քրիստոնյայի համար կա ապաշխարություն, գուցեև կգան ժամանակները, և հայն ու վրացին կվերադառնան այն սիրուն, որն ի սկզբանե երկու եղբայրների մեջ սերմանել է Աստված:

— Կարծիքներ կան, թե վրացի որոշ հոգևորականներ կատարում են այլ ուժերի պատվերը, նպատակը հայ-վրացական հարաբերություններում սեպ խրելն է:

— Ոչինչ չեմ բացառում, մասոնական կառույցները չեն սիրում Քրիստոսին, որովհետև նրանց նպատակն աշխարհի նյութական արժեքները տիրելն է, նրանց համար հետաքրքիր չէ մարդը, քանի որ կուրացած են մամոնայից: Մենք չպետք է ենթարկվենք սև ուժերին և մեր տիրոջից` Հիսուս Քրիստոսից պետք է խնդրենք, որ սեր տա մեզ: Միայն սիրով է հնարավոր հաղթահարել խոչընդոտները: Այս հարցերն էլ պետք է լուծվեն միմիայն սիրով: Եթե Վրաստանի տարածքում պղծվում են հայկական եկեղեցիները` վրացի ու հայ հոգևորականները միասին, համերաշխորեն ու սիրով պետք է լուծեն այդ խնդիրները: Իսկ քաղաքական գործիչները չպետք է խառնվեն այդ ամենին, դա հոգևորականների գործն է:

— Ի դեպ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին խնդրի առնչությամբ ասել էր, թե ինքն անզոր է հակադրվել վրաց եկեղեցուն, այլապես իր դեմ դուրս կգա: Ճի՞շտ են այն տեղեկությունները, թե վրաց ուղղափառ եկեղեցին բացարձակապես չի ենթարկվում աշխարհիկ իշխանությանը, և վերջինս անզոր է սաստել վրաց հոգևորականության հակահայ քայլերը:

— Եկեղեցին ու պետությունը տարբեր կառույցներ են, թե ինչ է կատարվում Վրաստանում` ես տեղյակ չեմ: Բայց եթե Սահակաշվիլին նման բան է խոստովանել, ուրեմն իրականում ինքն անզոր է: Իսկ առհասարակ, որպես վրաց հոգևոր թեմի ներկայացուցիչ, ես առաջարկում եմ, որ երկու երկրների կաթողիկոսները հանդիպեն ու Աստծո սիրո օգնությամբ լուծեն երկու հարևանբարեկամ ազգերի միջև առաջացած խնդիրները:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ


Թեգեր`

Դիտել Հարցազրույցներ, Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`