Գլխավոր » Ադրբեջան, Վերլուծական

Պատճառը ոչ թե կրոնն է, այլ քաղաքակրթությունը

Օգոստոս 15, 2009թ. 20:14

Սույն թվականի մայիսի վերջին տեղի է ունեցել «Իսկալամական Կոնֆերանս» կազմակերպության (ԻԿԿ) անդամ երկրների արտգործնախարարների 36-րդ համաժողովը, որի ընթացքում Ադրբեջանի նախաձեռնությամբ ընդունվել են հերթական երեք հակահայկական բանաձևերը: Ընդհանուր առմամբ, վերջին տարիների ընթացքում վերոնշյալ կազմակերպությունն ընդունել է Հայաստանի քաղաքականությունը քննադատող ավելի քան քսան փաստաթղթեր, որոնք հետագայում ադրբեջանական քարոզչական մեքենան շահարկում է զանազան միջազգային ատյաններում հակահայկական նոր փաստաթղթեր անցկացնելու համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման Ադրբեջանի կողմից ամենատարբեր միջազգային ատյաններում բարձրացնելն արդեն իսկ արժանացել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրների բազում քննադատությունների: Նրանք գտնում են, որ ԼՂՀ շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունները պահանջում են ավելի շատ կոնկրետացում բուն գործընթացի վրա, քան քարոզչական հնարամիջոցների կիրառում, որոնք, ի դեպ, ավելի են բարդացնում բանակցային գործընթացը: Սակայն, ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը միջնորդների խորհրդներին լսելու ոչ մի մտադրություն չունի: Այդ երկրի ղեկավարությունը շարունակում է ներկայացնել ադրբեջանա-արցախյան հակամարտությունը տարբեր միջազգային կազմակերպություններում ամենատարբեր լույսի ներքո` փորձելով այդ կերպ մեկուսացնել Հայաստանը միջազգային քաղաքական գործընթացներից:

Այս տեսակետից բավական հետաքրքիր է ադրբեջանա-արցախյան պատերազմի ներկայացումն ԻԿԿ անդամ պետություններին ադրբեջանական դիվանագիտության կողմից: Այս կազմակերպության մեջ հայ-ադրբեջանական հակամարտությունն ընկալվում է իբրև քրիստոնյաների և մուսուլմանների միջև ծագած վիճահարույց խնդիր: Եվ հենց այս տեսակետից է վերոնշյալ կազմակերպությանը կողմից քննադատվում հայկական կողմը:

Մինչդեռ հայկական դիվանագիտությունը, և մանավանդ, քարոզչական մեքենան, լուրջ աշխատանք ունեն տանելու հայ-ադրբեջանական հակամարտությունը միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնելու ուղղությամբ: Այս հարցում շեշտադրումները մեծ նշանակություն ունեն: Հայերի և ադրբեջանցիների միջև ծագած թշնամությունը կրոնական բնույթ չունի: Այն հիմնված է բացառապես երկու ժողովրդների քաղաքակրթական տարբերությունների վրա: Եթե փորձենք այդ թշնամությանը տալ ավել գլոբալ բնորոշում, քան տարածքային վիճաբանությունն է, ապա պետք է նշել, որ դա նստակյաց և քոչվոր քաղաքակրթությունների հակամարտություն է: Ընդ որում պետք է նշել, որ տարբեր քաղաքակրթություններ ներկայացնող ժողովրդների թշնամությունն առավել ուժեղ է լինում: Միևնույն քաղաքակրթության ժողովրդների միջև ծագած ռազմական գործողությունների ժամանակ պատերազմում են բանակները: Այն դեպքում, երբ հակառակ պարագայում` պատերազմում են ժողովուրդները:

Հայ ժողովուրդը մուսուլմանների հետ համագործակցելու և համագոյատևելու բավական հարուստ փորձ ունի: Ասվածի վառ վկայությունն է Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ժողովրդագրական բազմազանությամբ հանդերձ: Չնայած այն հանգամանքին, որ պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայկական պետությունները պատերազմել են Իրանի հետ, այնուամենայնիվ երկու երկրների ժողովրդների միջև թշնամություն այդպես էլ չի առաջացել: Եվ դրա գլխավոր պատճառը կայանում է նրանում, որ, գրավելով հակառակորդի տարածքները, հայերը կամ իրանցիները չեն ոչնչացրել մեկմեկու հոգևոր-մշակութային արժեքները, բնակավայրերն ու բնակչությանը: Չեն ոչնչացրել, որովհետև հանդիսացել են միևնույն նստակյաց քաղաքակրթության ներկայացուցիչներ և լավ են հասկացել հոգևոր և նյութական արժեքների գինը:

Իրանցիներից բացի, հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում պատերազմել է ևս մի քանի տասնյակ ժողովրդնրի հետ: Սակայն թշնամություն առաջացել է միայն քոչվոր կյանք վարող թուրքական էթնոսի հետ: Եվ ամենևին էլ կարևոր չէ, որ այսօր ադրբեջանցիները մուսուլման են, իսկ մենք` հայերս` քրիստոնյա: Երկու այս ժողովրդների միջև թշնամություն կլիներ նույնիսկ այն պարագայում, եթե հայերը լինեին մուսուլման կամ ադրբեջանցիները` քրիստոնյա: Միևնույն է նրանց համար անհասկանալի կլիներ մեր արժեհամակարգը, իսկ մեզ համար`իրենցը:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Ադրբեջան, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`