Զինավարժության թիրախ դարձած հայկական եկեղեցիներ

Թուրքիա-Հայաստան սահմանին կից նախկինում վեր էր խոյանում Խծկոնքի վանքը (10-11-րդ դդ.)՝ շրջապատված հինգ փոքրիկ եկեղեցիներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից hետո վանքի մեծ մասը թուրք զինվորականների ակտիվ ջանքերով պայթեցվեց: Հինգ եկեղեցիներից այժմ կանգուն է մնացել միայն մեկը` Սուրբ Սարգիս եկեղեցին, իհարկե, դարձյալ խարխուլ վիճակում:
Ժամանակին Խծկոնքի վանքից ոչ հեռու գտնվում էր Տեկորի եկեղեցին` կառուցված 5-րդ դարում: Իր բացառիկ վիմագրերով այն հանդիսանում էր հայկական քրիստոնեական ճարտարապետության ամենահին նմուշներից մեկը` 455 թվական: 1956 թ. Տեկորը թիրախ է դառնում թուրքական բանակի ռազմական զորավարժությունների ժամանակ:
1962 թվականին թուրքական զինվորակաների կողմից պայթեցվում է Թուրքիայի արևելյան տարածքում գտնվող Ս.Բարդուղեմիոս Առաքյալի վանքը, որ կառուցվել էր առաքյալի նահատակության վայրում և համարվում էր հայ ժողովրդի ու Քրիստոնյա աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկը:
1960-ական թվականներին բանակի հրետանային զինավարժությունների հետևանքով քարակույտի է վերածվում նաև Սուրբ Կարապետի վանքը, որ 1915-ին մի անգամ արդեն թալանվել ու մասամբ ավերվել էր:
Ինչպես տեսնում եք, թուրքական զինուժի կողմից հայկական պատմական հուշարձանների միտումնավոր պայթեցումների մասին վկայող փաստերը բազմաթիվ են:
Այսօր չնայած պաշտոնական Անկարայի խոստումներին` վերականգնել իր տարածքում գտնվող հայկական հուշարձանները, սակայն բազմաթիվ եկեղեցիներ շարունակում են մնալ ավերակված:
Ի դեպ, համոզվելով, որ Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցու վերանորոգումից հետո զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է, Խծկոնքի վանքի շուրջ ապրող թուրք գործարարները կառավարությանն առաջարկել են զբոսաշրջության զարգացմանը նպաստելու համար վերականգնել հայկական Խծկոնք վանքն իր բոլոր համալիրներով: Թե ինչպիսին կլինի թուրքական կառավարության պատասխանը, դեռևս հայտնի չէ:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Թեգեր` Աստվածամոր տոնը, զատիկ, Թուրքիա-Հայաստան, Ծաղկազարդ, համբարձում, մեծ պաս, Նոր տարի, Ս.Բարդուղեմիոս, Սբ. Գևորգ, սուրբ Խաչ, Սուրբ Կարապետ, Սուրբ Սարգիս, վարդավառ, տրնդեզ












