Ադրբեջանի իշխանությունները սպանել են թալիշ գիտնականին
Երեկ Ադրբեջանում մահացել է Թալիշական մշակութային կենտրոնի նախագահ, «Talishe Sedo» («Թալիշի ձայն») թերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նովրուզալի Մամեդովը:
69 ամյա պրոֆեսորը ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից 2007 թվականի փետրվարի սկզբներին: Նրան դատապարտել էին 10 տարվա ազատազրկման` պետական դավաճանության մեղադրանքով: Հայտնի իրանագետի գիտական ուսումնասիրությունները թույլ էին տվել Ադրբեջանի ուժայիններին կարծել, որ նա լրտեսում է Իրանի Իսլամական Հանրապետության օգտին: Նշենք, որ Մամեդովի դատավարության ժամանակ լրտեսության փաստը չի ապացուցվել, ինչի պատճառով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս դիմել են Ադրբեջանի իշխանություններին` պահանջելով ազատ արձակել թալիշ գիտնականին:
«Նովրուզալի Մամեդովի միակ «մեղքը» կայանում էր նրանում, որ նա փորձում էր պահպանել թալիշական մշակույթը թալիշների պատմական հայրենիքում», – այդ մասին armarlur.com կայքին հայտնել է Թալիշական Ազգային Շարժման առաջնորդներից մեկը` մինսկաբնակ Քյահին Միրզալիզադեն: Մեկնաբանելով Մամեդովի մահվան հանգամանքները` Միրզալիզադեն մասնավորապես նշել է. «Նովրուզալին չի մահացել սրտի անբավարարվածությունից, ինչպես ներկայացնում են Ադրբեջանի պաշտոնյաները: Նրան սպանել է Ադրբեջանի ղեկավարությունը: Սպանել է, որովհետև Նովրուզալին նպաստում էր մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը: Սպանել է, որովհետև ադրբեջանցիները ցանկանում Ադրբեջանի բուն ժողովուրդներին դուրս վտարել իրենց պատմական Հայրենիքից» :












