Աբդուլա Օջալանի նոր առաջարկները
Թուրքական մամուլը անդրադարձել է ինտերնետում հայտնված Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի` քրդական խնդրի լուծման ուղղությամբ արված առաջարկներին: Թուրքական պարբերականների հաղորդմամբ, 1999 թվականից Իմրալի բանտում գտնվող Օջալանի ներկայացրած ծրագիրը մասամբ կրկնում է Էրդողանի կառավարության մշակած բարեփոխումների փաթեթը։ Մասնավորապես, ըստ «Վաթան» օրաթերթի, երկու նախագծերում էլ առաջարկվում է բարեփոխել Թուրքիայի Սահմանադրությունը, լուծարել Անկարային հավատարիմ քրդերից կազմված ջոկատները, որոնք թուրքական բանակի հետ համատեղ 80-ական թվականների կեսերից պայքարում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ։ Օջալանի նախագծով նաև առաջարկվում է համաներում հայտարարել` քրեական պատասխանատվության չենթարկելով այն քրդերին, ովքեր զենքը ձեռքին պայքարում են թուրքական իշխանությունների դեմ։ Օջալանը նաև առաջարկում է, որպեսզի Թուրքիայի քրդերն ու պաշտոնական Անկարան որոշակի փոխադարձ պարտավորություններ ստանձնեն։ Ավելին, կոչ է անում պայմաններ ստեղծել «քրդերի կրթական իրավունքները պահպանելու, քրդական խորհրդարան ստեղծելու համար»։ Բացի այդ, նա թուրքական կառավարությանը առաջարկել է հնարավորություն տալ քրդերին ձևավորելու սեփական զինված կազմավորումները` ներքին կարգուկանոնը պահպանելու նպատակով։ Ըստ Օջալանի, իր հեղինակած նախագիծը նոր մոտեցում է, որը թույլ կտա քրդական խնդիրը լուծել կես տարում` եթե թուրք ազգայնականները չխանգարեն այդ գործընթացին: Իր ուղղերձի վերջում քրդերի առաջնորդը իր ցավն է հայտնում հայազգի երգիչ Արամ Տիգրանի մահվան կապակցությամբ:
armarlur.com












