Ադրբեջանի ազգային անվտանգությունը հայտնվել է ծիծաղելի վիճակում
«Դուք հայերին տվել եք ձեր ձայն» խորագրի ներքո թուրքական «Հյուրիեթ» թերթն անդրադառնում է Ադրբեջանում այսօր մեծ աղմուկ բարձրացրած թեմայի` Եվրատեսիլ երաժշտական միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան, ջան» երգին կողմ քվերկած 43 ադրբեջանցիների հարցաքննությանը: Պարբերականը հղում անելով BBC-ին, փոխանցում է, թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը պարզել է քվերակած ադրբեջանցիների ինքնությունն ու դրա վերաբերյալ մեկնաբանություններ տվել: Բանը հասել է նրան, որ Հայաստանի օգտին քվերկած ադրբեջանցիներից մեկի նկատմամբ մեղադրանք է հարուցվել` «հայրենիքի դավաճանություն և երկրի անվտանգության սպառնալիք» հոդվածով: Իսկական զավեշտ:
Հայկական երգը նախընտրած մեկ այլ ադրբեջանցի էլ իր «գործած մեղքը» մեղմելու նպատակով, իբրև արդարացում, ասել է, թե` «նրանց երգը ադրբեջանական էր»:
Պարզվում է, որ այդ երկրի Ազգային անվտանգության նախարարությունում, բան ու գործ թողած զբաղված են դարակազմիկ մի հարցի պարզաբանմամբ, թե, ի վերջո, ի՞նչն է դրդել ադրբեջանցիներին` իրենց ձայնը տալ Հայաստանի օգտին: Եվ այս հարցադրումը վերաճել է ազգային անվտանգության խնդրի:
Ադրբեջանական իշխանությունների այս` զավեշտալից գործելաոճը, նոյնիսկ չի վրիպել թուրքական պարբերականների աչքից:
Օրինակ, «Հյուրիեթ»-ը «նրբորեն» հիշեցրել է, որ Թուրքիան Ադրբեջանին տվել է 12, իսկ Հայստանին 6 բալ, ավելին Հայաստանից էլ 4 բալ է ուղարկվել` հօգուտ Թուրքիայի , սակայն ոչ Թուրքիայում, ոչ էլ Հայաստանում մարդիկ ոչ հետապնդվում են, ոչ ձերբակալվում, ոչ էլ հայտարարվում` հայրենիքի դավաճաններ:
Այլ կերպ ասած` Թուրքիան իր փոքր եղբորը` Ադրբեջանին դաստիրակչական դասեր է տալիս, ակնարկելով, որ դա միայն երաժշտական մրցույթ է, որը չպետք է քաղաքականացնել, քանզի այս արարքը Բաքվին կարող է հեղինակազրկել միջազգային հանրության աչքում:
armarlur.com
Թեգեր` Անուշ Արշակյան, Հյուրիեթ












