Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումն առաջին հերթին Թուքիային են անհրաժեշտ
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով ապրիլի 22-ին Շվեյցարիայում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հայտնի հայտարարության ժամանակ թուրքական կողմը խոստացել էր` հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, բացել սահմանը: Մինչդեռ տրված խոստումներն առ այսօր չեն կատարվել: Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այն համոզմանն է, որ պայմանավորվածության չկատարումը չպետք է պատճառ հանդիսանա, որ ՀՀ նախագահը չմեկնի Թուրքիա` ֆուտբոլային խաղը դիտելու. «Անկախ թուրքերի դիրքորոշումից, կարելի է պատասխան այցով գնալ Թուրքիա և առիթից օգտվելով հիշեցնել նրանց` չկատարած խոստման մասին: Որովհետև եթե այս երկխոսությունը ձախողվի, Հայաստանն այլևս չի կարողանա երկխոսության նոր ալիք ստեղծել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց թուրքագետը: Նա միաժամանակ հավելեց, որ ՀՀ նախագահի հայտնի հայտարարությունը, թե` քանի դեռ սահմանները փակ են, ինքը Թուրքիա չի գնա, Թուրքիայում կարող է որպես նախապայման ընկալվել, այնինչ Թուրքիան ինքն է 1991 թվականից նախապայմաններով խոսում` խախտելով միջազգային նորմերը:
Չաքրյանի խոսքերով, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի նախագահի պատրաստակամությունը Եվրոպան ու ԱՄՆ-ն ողջունեցին, ինչը տպավորություն ստեղծեց, թե հնարավոր է հայ-թուրքական «մերձեցում», այսինքն` ապաշրջափակում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Սակայն մինչ այժմ ընթացող գործընթացներից շահել է միայն Թուրքիան` կարողացել է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, դառնալ Միավորված Ազգերի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և հասնել նրան, որ Օբաման չճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
Իսկ ներկա փուլում երկու կողմերն էլ կանգնած են ձախողման առջև, որովհետև Թուրքիան հայ-թուրքական հարաբեությունները շարունակում է պայմանավորել Ղարաբաղյան հիմնախմդրով, իսկ հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ պետք է երկու հարցերը իրար զուգահեռ ընթանան:
Այն որ Հայաստանը վճռական է տրամադրված իր դիրքորոշումներում, թուրքագետը հաստատում է մեջբերելով թուրքական հեռուստատեսությամբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. «Ոչ ոք թող չմտածի, թե Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար Հայաստանը ի վիճակի է Ղարաբաղի և Ցեղասպանության հարցերում զիջումների գնալ»:
Չնայած թուրքական կողմի պասիվությանը, Հ. Չաքրյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, հայ-թուրքական «մերձեցումը» առաջին հերթին անհրաժեշտ է Թուրքիային, որի քաղաքականությունը Հարավային Կովկասում կշարունակի ձախողվել, քանի դեռ վերջինս Հայաստանին կդիտի որպես հակառակորդ:
Ս.Հ.
Թեգեր` Թուրքա, Հակոբ Չաքրյան












