Մադրիդյան սկզբունքներին ո՞վ առաջինը կասի` «ՈՉ»
Միջնորդ երկրները փորձում են մինչև այս տարվա հոկտեմբերի 14-ը, այսինքն` մինչև Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը, հիմնական սկզբունքների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի չձախողվի հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը և Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնի: Այս մասին այսօր մամուլի «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Թեև միջնորդները ճնշում են գործադրում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս համաձայնության գան, այնուամենայնիվ, Կիրո Մանոյանի համոզմամբ` նման բան չի կարող տեղի ունենալ: «Մադրիդյանդ սկզբունքները չեն բխում Ղարաբաղյան հարցի կարգավորման տրամաբանությունից և հայկական կողմի շահերից: Այդ սկզբունքները հաշվի չեն առնում ոչ ԼՂՀ կամքը, որն արտահայտվել է դեռ 1991 թվականին, ոչ էլ անվտանգության երաշխիք են»,-նշեց Կիրո Մանոյանը` հավելելով, որ թեև երկու կողմերն էլ չեն ուզում «այո» ասել սկզբունքներին, բայց ոչ ոք չի ուզում առաջինը ասել` «ոչ»:
Ինչ վերաբերում է Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, ապա Կ. Մանոյանը կարծում է, որ Հայաստանը պետք է վաղուց հայտարարեր, որ դուրս է գալիս բանակցություններից, ի դեպ, այսօր էլ ուշ չէ, քանի որ Թուրքիան խախտել է պայմանավորվածությունն ու տապալել բանակցությունները. «Ապրիլի 22-ից հետո ոչինչ չի փոխվել, սա նաև դիվանագետների գնահատականն է: Այս պայմաններում ՀՀ նախագահը Թուրքիա գնալու ոչ մի առիթ չունի¦: Կ.Մանոյանը միաժամանակ նկատեց, որ եթե Սերժ Սարգսյանը շարունակի մնալ իր ներկա համոզմունքների դիրքերում, ապա, Թուրքիա չի մեկնի:
armarlur.com
Թեգեր` Ադրբեջան, Կիրո Մանոյան, Հայաստան, Փաստարկ












