Գլխավոր » Լրահոս

Ճանապարհորդություն դեպի Արցախ

Օգոստոս 21, 2009թ. 16:00

Հայ Բարեգործական Ընդհանուր միության նախաձեռնած «Բացահայտենք Հայաստանը» ծրագիրը մեկնարկել է դեռ 2003 թ.: Արդեն 6-րդ տարին է, որ այս ծրագրի շրջանակներում սփյուռքահայ աշակերտները` 20-25 հոգանոց խմբերով, ամառային ամիսներին հյուրընկալվում են հայրենիքում: Ծրագրի պարտադիր մաս են կազմում դեպի Արցախ աշխարհ կազմակերպվող եռօրյա այցելությունները:

Օրերս Արցախ էր ժամանել Կանադայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հայ դպրոցականներից կազմված խումբը:

Նրանք Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանի հյուրերն էին: Երեխաներն իրենց արցախցի հասակակիցներին նվիրեցին անգլերեն և ֆրանսերեն գրքեր:

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ներկայացուցիչները խոստանում են, որ այս նոր նախաձեռնությունն ավանդական կդառնա: «Սա մասամբ նաև երեխաների նախաձեռնությունն է,-մանրամասնեց  Հայաստանում ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանը:-Իսկ մենք կաշխատենք, որ այն բարի ավանդույթ դառնա: Ծրագրել ենք Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում ստեղծել օտար լեզվի և գրականության հատուկ սենյակ»:

Այս ծրագիրը, իրոք, լուրջ ձեռքբերում է. Արցախ ժամանած յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդ  յուրովի է բացահայտում  Արցախ-հայրենիքը. «Մեր ուսուցիչները մեզ շատ են պատմել մեր երկու հայկական պետությունների` Հայաստանի ու Արցախի մասին: Վաղուց էի ցանկանում գալ տեսնել Երևանն ու Ստեփանակերտը»: Մոնտրեալից ժամանած Ալեք Մանուկյան վարժարանի սան Բարդի Բիլամջյանն անկեղծորեն խոստովանեց, որ մինչև  գալը կարծել է, թե Ղարաբաղը  շատ աղքատ երկիր է, ավերված շենք-շինություններով: Բայց եկավ ու հայտնվեց բոլորովին այլ իրականության մեջ. «Տեսա, որ մարդիկ հանգիստ ապրում են, ստեղծագործում, քաղաքը շատ մաքուր է, կան նոր ու գեղեցիկ շենքեր»:

Արցախ այցելելը, հատկապես, այս երիտասարդների համար մեծ խորհուրդ ունի: «Ոտք դնելով արցախյան հողին`  նրանցից յուրաքանչյուրը համակվում է անասելի, անբացատրելի զգացումով: Մեր նպատակն է, որ  սփյուռքահայ երիտասարդները  ճանաչեն Հայրենիքը», -մեզ հետ զրույցում ասաց Հերմինե Դյուզյանը:

Պարզվեց, որ դեպի հայրենիք այցելությունների  ծախսերը հոգում են հենց երեխաների ծնողները: Սակայն դա չի խոչընդոտում, որ Հայրենիքը տեսնել ցանկացողների թիվը գնալով ավելանա:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`