Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Ազգային նվագարանները հանել թանգարաններից

Սեպտեմբեր 24, 2009թ. 10:00

duduk-1Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատություններում չէին հնչում ազգային մի շարք նվագարանների հնչյունները: Ժամանակի թելադրանքով, իսկ ավելի ճիշտ` մեր բոլորիս անտարբերության պատճառով, դարերի շունչը կրող ազգային նվագարաններն աստիճանաբար վերածվել էին թանգարանային նմուշների` հայկական երաժշտարվեստը զրկելով միայն իրենց հատուկ ելևէջներից ու հմայքից: Ոչ երաժշտական դպրոցներում, ոչ քոլեջներում և ոչ էլ անգամ պետական կոնսերվատորիայում գրեթե չկային ազգային նվագարանների բաժիններ: Հայ պատանին անմասն էր մնում իր ժողովրդի հոգևոր հարստության մի շատ կարևոր նրբերանգից: Ու թեև այդ ընթացքում դուդուկը աշխարհ էր նվաճում և հայի հոգու խռովքը հասկանալի էր դարձնում անգամ օտարներին, նրա ընկեր-նվագարանները գործածությունից գրեթե դուրս էին մղվել: Անհրաժեշտ էր ինչ-որ բան ձեռնարկել` անցյալի հոգևոր արժեքների հետ կապը վերջնականապես չխզելու համար:

Առաջին քայլը թերևս ՀՀ մշակույթի նախարարության  2004 թվականի նախաձեռնությունն էր` երաժշտական դպրոցներումMvc-001f անվճար ուսուցում կազմակերպել ազգային նվագարանների բաժիններում: Իսկ ընդամենը մեկ տարի անց «Նարեկացի»  արվեստի միությունը ևս 15 երեխայի հնարավորություն ընձեռեց մասնակցելու թառի ու քամանչայի դասընթացների, ինչի շարունակությունը եղավ «Նարեկացի» մանկապատանեկան համույթի ստեղծումը: Համույթի միակ նպատակը ազգային արժեքների պահպանման գաղափարի շուրջ ավելի քան երկու տասնյակ երեխաներին համախմբելը չէր սոսկ: Այս պատանիներն իրենց գեղարվեստական ղեկավարի` Հովիկ Սահակյանի հետ ազգային նվագարանները նախ իրենց ընկերներին, ապա նաև աշխարհին ներկայացնելու խնդիր են ուզում լուծել: Դա կլինի «Ազգային նվագարանների վերածնունդ» ծրագրի բաղկացուցիչ մասը: Ծրագիրը, որն իրականացնում է «Նարեկացի» արվեստի միությունը, երկու մասից է բաղկացած:

Նախ` ձևավորել այն միջավայրը, որը մեր երեխաներին հնարավորություն կտա տիրապետել դեռևս պահպանված և գործածության մեջ գտնվող նվագարաններին, ապա` ուսումնասիրել այն գործիքները, որոնք թանգարանային նմուշներ են և պահպանվել են հայկական մանրանկարչության մեջ: Ինչպես` հայկական տավիղը` քնարը, քամանիի մեկ այլ տեսակ և այլն: Դրանք ուսումնասիրվելուց և վարպետաց ձեռքով պատրաստվելուց հետո ժամանակակից կոմպոզիտորներին կպատվիրվի գրել երաժշտություն այդ գործիքների համար: Ապա փորձ կարվի դրանք հենց երեխաների միջոցով ներկայացնել հասարակությանը:

«Նարեկացի» մանկապատանեկան համույթի հիմնադրմամբ ծրագրի մեկնարկը կարելի է ազդարարված համարել: Համույթը դեռ մեկ տարեկան է, սակայն արդեն լուրջ հաղթանակներ է ունեցել` բազմաթիվ շրջագայություններ Հայաստանի մարզերում և Արցախում: Հրավեր ունեն Եվրոպայից. փետրվար ամսին մեկնելու են եվրոպական երկրներ: Եվ ոչ միայն համերգներով են հանդես գալու, այլև վարպետության դասեր են տալու Լիոնի կոնսերվատորիայում` ներկայացնելով հայկական նվագարանները: Ու թեև առայժմ խմբում չունեն մի քանի անհրաժեշտ գործիքներ` քամանի, տավիղ, սանթուր, սակայն հնարավոր է` առաջիկայում ձեռք բերեն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը համոզված է, որ ցանկացած ազգային նվագարան կարող է դուդուկի հաջողությունն ունենալ, եթե ավելի նպատակասլաց լինենք և մի փոքր ավելի հոգատար` մեր ազգային արժեքների նկատմամբ:

«Ցավում եմ, բայց այսօր շատ ընտանիքներում անգամ ավագները շատ բան չգիտեն ազգային նվագարանների մասին, էլ ուր մնաց երեխաները»,-իր մտահոգությունն է հայտնում երաժիշտը: «Նախկինում բոլոր հայ արիստոկրատ ընտանիքների տան պատից անպայման որևէ ազգային նվագարան է կախված եղել` թառ, քամանչա, սազ, բլուլ, քանոն: Այսօր կառավարությունն ազգային նվագարաններին տիրապետել ցանկացող երեխաներին ուսման վարձից ազատեց, բայց դա քիչ է: Պետք է ցույց տալ, բացատրել, ապացուցել ժողովրդին, որ մենք ունենք հրաշալի նվագարաններ, որոնք կարող են աշխարհին հուզել ու զարմացնել: Քանոնը կարող է նույն հաջողությամբ արտահայտել այն, ինչ ջութակը: Իսկ երեխաների մեջ ազգային նվագարանների, ասել է թե` ազգային արժեքների հանդեպ սեր և հետաքրքրություն առաջացնելու համար ընդամենը ցանկություն է պետք: Մեր խմբի օրինակով կարող եմ վստահեցնել, թե որքան կարող է երեխան սիրել ազգային նվագարանը, եթե այն ճիշտ մատուցվի և ուսուցանվի»:

TagԾրագրի հեռահար նպատակներից մեկն այն հանրակրթական դպրոցներում ուսումնական ծրագրի մաս դարձնելն է: Ծրագրի հեղինակներն այդ խնդրանքով արդեն դիմել են ՀՀ կրթության նախարարությանը. գոնե ավագ դպրոցը պետք է ճանաչի իր ազգային նվագարանները:

Իսկ ճանաչողության առաջին քայլն արված է. երկու օր առաջ «Նարեկացի» ազգային նվագարանների մանկապատանեկան համույթը ելույթ ունեցավ Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցում:

Անուշ ՍԱՄՎԵԼՅԱՆ


Թեգեր` , , , , ,

Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`