Ցեղասպանության և Ղարաբաղի հարցում նախապայմաններ լինել չե’ն կարող
Վերջին օրերի ամենահրատապ թեման հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն են և դրանց վավերացումից հետո սպասվող հնարավոր վտանգավոր հետևանքները:
Ընթացող քննարկումները հիմնականում վերաբերվում են այն խնդրին, թե փաստաթղթի ստորագրումը, արդյոք, չի՞ ունենա ՀՀ-ի համար անդառնալի հետևանքներ, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցում և ԼՂՀ հարցի ոչ հայանպաստ լուծում:
Անդրադառնալով այս անհանգստություններին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե Ցեղասպանության հարցը երբեք չի կարող դառնալ նախապայման և Թուրքիան իրավունք չունի Հայաստանից պահանջել հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից:
Նույնկերպ և, ըստ Շարմազանովի, Լեռնային Ղարաբաղի հարցը չի’ կարող դառնալ որպես նախապայման: ՀՀԿ պատգամավորը հիշեցրեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրերս արած հայտարարությունը , թե Հայաստան-Թուրքիա գործընթացը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի գործընթացի հետ: «Սա մեկ անգամ վերահաստատեց պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի միմիայն առանց նախապայմաններ»:
«Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահի այս քայլը շատ խիզախ քայլ է և մենք պետք է բոլորս ավելի միավորվենք, չփնտրենք թշնամիներ, հայրենասերներ, դավաճաններ և յուրաքանչյուրս մեր ներուժը ներդնենք որպեսզի հզորանա Հայաստանը, իսկ Հայաստան-Սփյուռք կապերն առավել ամրանան:
Շարունակելով թենան, բանախոսը նաև նշեց, թե արվում են անհեթեթ հայտարարություններ, հնչում են մեղադրանքներ, որոնք իրականության հետ ամենևին կապ չունեն, դրանք լսելիս տպավորություն է ստեղծվում, թե Կարսը 20 թ-ին ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են թուրքին հանձնել: «Ոչ Բաթումի պայմանագիրը, ոչ Ալեքսանդրապոլի ու Կարսի պայմանագրերը, ոչ էլ Մոսկվայի պայմանագիրը Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը չեն կնքել. ասեմ ավելին,Սերժ Սարգսյանի ստորագրությունը կա 1994թ-ի մայիսին կնքված Ղարաբաղյան պատերազմի զինադադարի փաստաթղթի տակ, որն արձանագրում է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակը Արցախյան հերոսամարտում»:
Շարունակելով Ղարաբաղի թեման Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ մինչ այս ոչ մի օր ԼՂՀ-ն չի եղել ազատ և անկախ Ադրբեջանի կազմում, նա նշեց, որ խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին թե’ Թուրքիան , թե’ Ադրբեջանը, և թե միջազգային դիտորդները շատ լավ գիտակցում են , որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. «ԼՂՀ-ն ԽՍՀՄ սահմանադրությամբ և միջազգային գործող նորմերին համապատասխան հռչակեց իր անկախությունը և այսօր փաստացի անկախ հանրապետություն է` ավելի զարգացած ժողովրդավարական ինստիտուտներով, քան Ադրբեջանը»:
Կարինե Պետրոսյան
Թեգեր` Բարաք Օբամա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Հայաստան-Սփյուռք, Ցեղասպանության հարցը












